Մարաթոներին եւ 171 կիլոմետրանոց ուլտրամարաթոներին մասնակցությունը հանգեցնում է էրիթրոցիտների՝ արյան թթվածնատար բջիջների ծերացման։ Այս մասին է վկայում Blood Red Cells & Iron (BRCI) ամսագրում հրապարակված հետազոտությունը։
Հետազոտողները վերլուծել են «Մոնբլան-ուլտրաթրեյլ» եւ սովորական մարաթոնին մասնակցած 23 մարզիկների արյան նմուշները՝ մեկնարկից առաջ եւ ավարտից անմիջապես հետո: Մոլեկուլային մեթոդների միջոցով գիտնականները գնահատել են հազարավոր սպիտակուցներ, լիպիդներ եւ մետաբոլիտներ պլազմայում եւ հենց էրիթրոցիտներում։
Նրանք պարզել են, որ երկար վազքից հետո արյան բջիջները կորցնում են ճկունությունը:
«Սա կարեւոր է, քանի որ էրիթրոցիտները պետք է հեշտությամբ դեֆորմացվեն՝ անցնելով փոքրիկ մազանոթներով: Դրանց առաձգականության նվազումը կարող է խաթարել թթվածնի եւ սննդանյութերի մատակարարումը հյուսվածքներին»,- բացատրել են հետազոտողները:
Գիտնականները բացահայտել են վնասման երկու մեխանիզմ։ Առաջինը մեխանիկական է. երկար վազքի ժամանակ բջիջներն անընդհատ ճնշման տատանումներ են ապրում, եւ արյան շրջանառության բեռը մեծանում է։ Երկրորդը կենսաքիմիական է. բորբոքման եւ օքսիդատիվ սթրեսի ֆոնին մոլեկուլային փոփոխությունները կուտակվում են էրիթրոցիտներում՝ արագացնելով դրանց քայքայումը։ Այս գործընթացները հայտնաբերվել են 40 կիլոմետր վազքից հետո եւ ավելի ցայտուն են եղել 171 կիլոմետրանոց մրցավազքի մասնակիցների մոտ։
Հեղինակները նշել են, որ դեռեւս անհայտ է, թե որքան արագ է մարմինը փոխհատուցում նման փոփոխությունները եւ արդյոք դրանք կարող են երկարաժամկետ հետեւանքներ ունենալ։ Սակայն տվյալները ցույց են տալիս, որ ծայրահեղ, երկարատեւ ֆիզիկական վարժությունները կարող են թաքնված ֆիզիոլոգիական ծախսեր առաջացնել՝ ազդելով թթվածնի փոխանցման համակարգի վրա։






