Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի գիտնականները գիտական խմբի կազմում մշակել են ճագարի կաշվից և հակասեպտիկից պատրաստված ծածկույթ, որը նպաստում է վերքերի արագացված լավացմանը և սպիների նվազեցմանը։ Այս մասին հայտնել են համալսարանի մամուլի ծառայությունից։

Գիտնականների խոսքով՝ ստեղծված կենսաթաղանթն իրենից ներկայացնում է ծակոտկեն սպունգ, որը թրջում են պովիդոն-յոդի 10-տոկոսանոց լուծույթով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Դա արվում է անմիջապես վնասված մակերեսին քսելուց առաջ՝ նվազեցնելով վարակների զարգացման վտանգը և արագացնելով վերքերի լավացումը։

Մշակումը տարբերվում է արդեն գոյություն ունեցող թաղանթներից նրանով, որ այն պատրաստվում է ճագարի ամբողջական կաշվից, այլ ոչ թե միայն կոլագենից, ուստի պարունակում է նաև վերքերի լավացման համար այլ օգտակար նյութեր։ Այս մասին պարզաբանել է «ԲելԳՈւ»-ի բժշկական ինստիտուտի ֆարմակոլոգիայի և կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դոցենտ Դարյա Կոստինան։

«Կոլագենը, որն օգտագործվում է թաղանթների այլ տեսակներում, կարող է ստացվել ձկներից կամ խոշոր եղջերավոր անասուններից: Սա սահմանափակում է նման թաղանթների կիրառումը պացիենտների որոշ խմբերի մոտ՝ ալերգենության ավելի բարձր մակարդակի պատճառով, քան ճագարի կաշվից ստացված ծածկույթների դեպքում է», - հավելել է նա:

Գիտնականները վերքերի լավացման մեթոդի արդյունավետությունը ստուգել են լաբորատոր մկների վրա: Փորձը ցույց է տվել, որ այն կենդանիների մոտ, որոնք բուժում են ստացել կենսաթաղանթի կիրառմամբ, սպիի երկարությունը 62,7 տոկոսով ավելի փոքր է եղել, քան ստուգիչ խմբում: Նկատվել է նաև գոյացող սպիի ամրության աճ՝ 61,54 տոկոսով:

«Փորձարկումները ցույց են տվել, որ վերքերն ավելի արագ են լավանում և թողնում են նվազ նկատելի հետքեր՝ պացիենտի համար ապահովելով հարմարավետություն նույնիսկ լուրջ վիրահատություններից հետո», — նշել է Կոստինան։

Գիտնականների խոսքով՝ վերքերի բուժման մշակված եղանակը կարող է կիրառվել ցանկացած տեսակի արտաքին վնասվածքների դեպքում, ներառյալ քրոնիկական վերքերը (օրինակ՝ տրոֆիկ խոցը), այսինքն՝ նրանք, որոնք զարգանում են շաքարային դիաբետ, երակային անբավարարություն ունեցող պացիենտների մոտ, ինչպես նաև այրվածքների և ցրտահարության վերջին փուլերի ժամանակ։

«Մենք այս կենսաթաղանթը դիտարկում ենք գրեթե բոլոր տեսակի վերքերի բուժման համար, բացի վարակվածներից։ Այն վերքերի համար, որտեղ առկա են վարակի նշաններ, պահանջվում են այլ բաղադրիչներ և թաղանթի այլ կառուցվածք», - հավելել է Կոստինան։