Չինացի գիտնականները պարզել են, որ Պարկինսոնի հիվանդությամբ տառապող պացիենտների մազերում նվազած է երկաթի և պղնձի մակարդակը, իսկ մանգանի ու մկնդեղի պարունակությունը՝ բարձրացած։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են iScience ամսագրում։

Պարկինսոնի հիվանդությունը հարաճուն նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որի ժամանակ աստիճանաբար մահանում են դոֆամին արտադրող նեյրոնները։ Այն արտահայտվում է դողով, շարժումների դանդաղկոտությամբ, մկանային կարծրությամբ և հավասարակշռության խախտմամբ։ Սովորաբար ախտորոշումը դրվում է կլինիկական ախտանիշների հիման վրա, երբ ուղեղում փոփոխություններն արդեն զգալի են, ուստի վաղ և հասանելի կենսամարկերների որոնումը մնում է բժշկության կարևորագույն խնդիրներից մեկը։

Նոր հետազոտության շրջանակներում գիտնականները վերլուծել են այս ախտորոշումն ունեցող 60 պացիենտների մազերի նմուշները և դրանք համեմատել նույն տարիքի առողջ մարդկանց ցուցանիշների հետ։ Ամենակայուն տարբերությունը եղել է երկաթի մակարդակի նվազումը։ Նաև հիվանդների մոտ ցածր են եղել պղնձի ցուցանիշները, իսկ մանգանի և մկնդեղի կոնցենտրացիաները՝ բարձր։

Հեղինակները նշում են, որ մազերը կարող են արտացոլել օրգանիզմում միկրոտարրերի փոխանակության երկարաժամկետ փոփոխությունները՝ ի տարբերություն արյան կամ թքի, որտեղ ցուցանիշները ենթակա են կարճաժամկետ տատանումների։ Սա մազերի անալիզը պոտենցիալ հարմար գործիք է դարձնում քրոնիկական խանգարումների հայտնաբերման համար։

Մկների վրա կատարված լրացուցիչ փորձերը ցույց են տվել, որ մազերում երկաթի մակարդակի նվազումը կապված է աղիքների աշխատանքի խանգարման հետ։ Պարկինսոնի հիվանդության նմանվող ախտանիշներ ունեցող կենդանիների մոտ թուլացած է եղել աղիքային պատնեշի ֆունկցիան և փոփոխված է եղել երկաթի ներծծման համար պատասխանատու գեների ակտիվությունը։

Հետազոտողները ընդգծում են, որ աշխատանքը կրում է նախնական բնույթ և պահանջում է հաստատում ավելի մեծ ընտրանքների վրա։ Այնուամենայնիվ, հեռանկարում հիվանդության վաղ հայտնաբերման համար կարող է բավարար լինել մազի ընդամենը մեկ փնջի հետազոտությունը։