Գիտնականները ստացել են առաջին մանրամասն մոլեկուլային պատկերները, թե ինչպես է մարդու մարմինը զգում ցուրտը, և ինչու է մենթոլը զովացման զգացողություն առաջացնում, թեև ջերմաստիճանը տվյալ պահին չի նվազում։ Դա հնարավոր է դարձել ժամանակակից կրիոէլեկտրոնային մանրադիտակի տեխնիկայի շնորհիվ, որը նրանց հնարավորություն է տվել գործողության մեջ «տեսնել»  մաշկի, բերանի և աչքերի նյարդային բջիջների թաղանթներում գտնվող TRPM8 անունով սենսորային սպիտակուցը:

TRPM8 սպիտակուցը գործում է որպես յուրօրինակ մանրադիտակային ջերմաչափ. երբ շրջակա միջավայրի ջերմաստիճանն իջնում ​​է մինչև մոտավորապես 8–28° ըստ Ցելսիուսի (46–82° ըստ Ֆարենհայթի), ալիքը բացվում է և իոններին հնարավորոթյուն է տալիս մտնել բջիջ՝ առաջացնելով նյարդային ազդանշան, որն ուղեղը մեկնաբանում է որպես ցրտի զգացողություն։

Գիտական ​​կարևոր առաջընթացն այն է, որ գիտնականները պարզել են, թե ինչպես են ցուրտը և քիմիական միացություններն ակտիվացնում այդ ալիքը։ Ցուրտը կառուցվածքային փոփոխություններ է առաջացնում անմիջապես TRPM8 ծակոտու կենտրոնական մասում, մինչդեռ մենթոլը՝ անանուխի ակտիվ բաղադրիչը, կապվում է սպիտակուցի մեկ այլ մասի հետ՝ փոխելով դրա ձևը և դրանով իսկ բացելով ալիքը։ Ցուրտը և մենթոլի համադրությունն ուժեղացնում է ազդեցությունը՝ թույլ տալով առաջին անգամ դիտարկել ալիքը բաց վիճակում։

Դա կարևոր է ոչ միայն ջերմաստիճանի զգացողության ֆիզիոլոգիան ըմբռնելու, այլև բժշկության համար։ TRPM8-ի խափանմանն առնչվող պաթոլոգիաները կապված են խրոնիկական ցավի, միգրենի, աչքի չորության համախտանիշի և քաղցկեղի որոշակի տեսակների հետ։ Ալիքի ակտիվացման կառուցվածքի և մեխանիզմի հասկացողությունը հիմք է ծառայում ավելի ճշգրիտ դեղամիջոցների մշակման համար, որոնք կարող են փոխել դրա գործառույթը։ Մի օրինակ արդեն կիրառվում է կլինիկական առումով. մենթոլի անալոգի վրա հիմնված աչքի կաթիլները խթանում են TRPM8-ը և օգնում աչքի չորության դեպքում։

Այլ կերպ ասած, գիտնականներին այժմ առաջին ձեռքից հասկանալի է դառնում, թե ինչպես են ֆիզիկական ցուրտը և մենթոլի նման քիմիական նյութերը մոլեկուլային մակարդակում զովության զգացողություն ստեղծում՝ պատասխանելով երկարատև կենսաբանական հարցին և բացելով նոր թերապևտիկ ռազմավարությունների ճանապարհը։