Մի խումբ ամերիկացի ինժեներներ մանրէներից կազմված հիշող սարք են մշակել՝ շրջակա միջավայրի մոնիտորինգի համար, հաղորդում է Science-ը: Նորույթն, ըստ էության, անալոգային ծագման է՝ ի հակադրություն նախորդ սերնդի՝ թվային կրիչների:  Բացի այդ, մինչ այժմ մանրէները «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով էին աշխատում՝ արձանագրելով՝ տեղի՞ է ունեցել իրադարձություն, թե՞՝ ոչ:

Իսկ ահա նոր «գենոմային մագնիտոֆոնը» արտաքին ազդակի ուժն ու տեւողությունը արձանագրելու կարողություն է դրսեւորում: Կրիչը ստանալու համար բիոինժեներները պայմաններ են ստեղծել առ այն, որ աղիքային ցուպիկը կարողանա ռեկոմբինազա անվամբ հայտնի՝ բջջի գենոմի մեջ ԴՆԹ-ի տվյալ հաջորդականությունը տեղեկայելու ունակությամբ օժտված ֆերմենտն արտազատել, որից հետո տեղեկությունը պահպանության է հանձնվում մանրէի գենոմին եւ սերնդից սերունդ փոխանցվում:

Genetic Engineering and Biotechnology ինտերնետ-պարբերականի մենաբանմամբ, գիտնականներն այնուհետեւ տեղեկությունը ստացված օրգանիզմների ԴՆԹ-ի սեքվենավորմամբ կընթերցեն:

Մասնագետների մեկնաբանմամբ, սարքը կարող է իդեալական գործիք դառնալ՝ էկոլոգիական եւ բժշկական դիտարկումների համար: Օրինակ՝ ցուպիկը կարելի է մարդու աղիքներում տեղակայել, որտեղից այն տվյալներ կհաղորդի ճարպերի եւ շաքարի բաղադրության կամ բորբոքման մասին: 

Բացի այդ, ամերիկացի գիտնականների ջանքերով իր լուծումը գտած սարքը կարող է նաեւ կենսաբանական համակարգիչներում կիրառվել:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ ԱՄՆ-ում սնկերից եւ մանրէներից աճեցված անօդաչու սարքի առաջին փորձարկումներն են իրականացվել: Կոնստրուկտորների մտահղացմամբ, վթարի ենթարկվելիս այն պետք է ցնդի՝ հակառակորդի ձեռքը չընկնելու համար: