Դեպրեսիան, անքնությունը, հիպերտոնիան և շաքարային դիաբետը կարող են նախորդել Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը՝ ախտորոշումից տարիներ առաջ: Նման եզրակացության են եկել Վանդերբիլտի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Alzheimer's Research & Therapy (ART) ամսագրում:
Ալցհեյմերի հիվանդությունը նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որը ձևավորվում է աստիճանաբար և կարող է զարգանալ տասնամյակների ընթացքում: Հետազոտողները որոշել են պարզել, թե բժշկական որ վիճակներն են առավել հաճախ ի հայտ գալիս հիշողության բնորոշ խանգարումների հայտնվելուց առաջ:
Գիտնականները վերլուծել են ԱՄՆ-ի երկու խոշոր տվյալների բազաների միլիոնավոր պացիենտների անանուն էլեկտրոնային բժշկական քարտերը: Հիմնական ընտրանքում համեմատվել են Ալցհեյմերի հիվանդություն ունեցող ավելի քան 43 հազար և այդ ախտորոշումը չունեցող ավելի քան 400 հազար պացիենտների տվյալները: Գիտնականները ուսումնասիրել են հիվանդությունների պատմությունը դեմենցիայի հայտնաբերումից տասը տարի առաջ և այն համադրել ստուգիչ խմբի տվյալների հետ:
Պարզվել է, որ այն մարդիկ, որոնց մոտ հետագայում Ալցհեյմերի հիվանդություն է ախտորոշվել, զգալիորեն ավելի հաճախ են հանդիպել հոգեկան խանգարումներ (մասնավորապես՝ դեպրեսիա), ինչպես նաև ունեցել են ծանր նյարդահոգեբանական ախտանիշներ: Բացի այդ, բարձր հաճախականություն է արձանագրվել քնի խանգարումների դեպքում՝ ներառյալ անքնությունը և ապնոէն:
Կոգնիտիվ խանգարումների ռիսկը բարձրացել է նաև երկրորդ տիպի շաքարային դիաբետի և սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են զարկերակային հիպերտենզիան և ուղեղի անոթների իշեմիկ ախտահարումները:
ԴՆԹ-կենսաբանկերի տվյալների լրացուցիչ վերլուծությունը ցույց է տվել, որ այս վիճակների մի մասը կապված է նաև Ալցհեյմերի հիվանդության գենետիկական ռիսկի հետ: Միևնույն ժամանակ, հեղինակներն ընդգծում են, որ հայտնաբերված կապերը չեն ապացուցում ուղղակի պատճառահետևանքային կախվածություն, սակայն օգնում են ավելի ճշգրիտ սահմանել բարձր ռիսկային խմբերը:
Հետազոտողների կարծիքով՝ նման վիճակների ավելի վաղ հայտնաբերումն ու վերահսկումը կարող է կարևոր քայլ դառնալ կանխարգելման գործում: Մասնագետների գնահատմամբ՝ նույնիսկ հինգ տարով Ալցհեյմերի հիվանդության սկզբնական հետագձումը կարող է զգալիորեն նվազեցնել հիվանդության ընդհանուր տարածվածությունը:






