Սթենֆորդի համալսարանի գիտնականները ձևափոխել են ինտերլեյկին-10 (IL-10) իմունային սպիտակուցը՝ վերացնելով դրա նախաբորբոքային հատկությունները, և դրա օգնությամբ հասել են ծեր մկների մոտ նոր նեյրոնների աճի և հիշողության բարելավման։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Immunity ամսագրում:
Ըստ հետազոտողների՝ տարիքի հետ ուղեղում կուտակվում են իմունային բջիջներ՝ T-լիմֆոցիտներ։ Դրանցից շատերը դառնում են «հյուծված» և գործում են պակաս արդյունավետ ձևով։ Սա ուղեկցվում է քրոնիկ բորբոքմամբ և միկրոգլիայի՝ վնասված կառուցվածքների հեռացման համար պատասխանատու բջիջների աշխատանքի վատթարացմամբ։ Արդյունքում ծերացող ուղեղում կարող են կուտակվել դեֆեկտավոր բջիջներ, ինչն ուժեղացնում է բորբոքումը և բարձրացնում կոգնիտիվ ունակությունների անկման ռիսկը։
Հետազոտողները կենտրոնացել են IL-10 սպիտակուցի վրա, որն արտադրվում է իմունային համակարգի տարբեր բջիջների կողմից։ Բնականոն վիճակում այն կարող է ունենալ ինչպես հակաբորբոքային, այնպես էլ նախաբորբոքային ազդեցություն։ Գիտնականները ստեղծել են IL-10-ի ձևափոխված տարբերակը, որը պահպանում է միայն հակաբորբոքային հատկությունները։
Այս տարբերակը ծեր մկների օրգանիզմ ներարկելիս կենդանիների մոտ ուժեղացել է ուղեղի նոր նեյրոնների առաջացումը և բարելավվել են վարքագծային թեստերի ցուցանիշները: Մկներն ավելի լավ են հաղթահարել հիշողության և ուսուցման հետ կապված առաջադրանքները, ներառյալ լաբիրինթոսներ անցնելը և նոր օբյեկտներ ճանաչելը:
Հեղինակները նշում են, որ ստացված տվյալները հաստատում են քրոնիկ բորբոքման և տարիքային նեյրոգենեզի (նեյրոնների առաջացման) նվազման միջև կապը: Ըստ նրանց՝ իմունային ազդանշանների ընտրողական մոդուլյացիան կարող է դառնալ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների բուժման նոր մոտեցումների մշակման ուղղություններից մեկը:
Հետագայում թիմը ծրագրում է հստակեցնել մոդիֆիկացված սպիտակուցի ազդեցության մեխանիզմները և գնահատել որոշակի տիպի բջիջների վրա դրա ավելի ճշգրիտ ներգործության հնարավորությունը՝ կողմնակի ազդեցությունների ռիսկը նվազեցնելու համար:






