Նոր հետազոտությունը հստակ կապ է հայտնաբերել անտառային հրդեհների ծխից օդի աղտոտման եւ բռնի հանցագործությունների աճի միջեւ տուժած շրջաններում։

Վերլուծությունը, որը հրապարակվել է Environmental Research ամսագրում, ընդգրկել է ԱՄՆ մի քանի հրդեհավտանգ շրջաններ եւ ցույց է տվել, որ ինտենսիվ ծխի շրջանները կապված են եղել հարձակումների եւ ագրեսիվ միջադեպերի թվի նկատելի ավելացման հետ՝ մաքուր օդի ժամանակաշրջանների համեմատ։

Գիտնականներն օգտագործել են ոստիկանության, շտապօգնության ծառայության եւ օդի որակի արբանյակային չափման տվյալները՝ ծխի մասնիկների (հատկապես փոքր աերոզոլների՝ PM2.5) խտության չափման փոփոխությունները հանցավորության դինամիկայի հետ համեմատելու համար։

Հիմնական նորությունն այն էր, որ  այն օրերին եւ շաբաթներին, երբ հրդեհներից օդի աղտոտվածության մակարդակները միջինից էապես բարձր են եղել, բռնի հարձակումների գրանցված դեպքերի թիվն ավելացել է նախորդ շրջանների համեմատ։ Այդ ազդեցությունը պահպանվել է անգամ սեզոնային տատանումները, սոցիալ-տնտեսական գործոնները եւ հնարավոր այլ բացատրությունները հաշվի առնելուց հետո։

Կան մի քանի հնարավոր մեխանիզմներ, որոնք կարող են բացատրել այդ կապը։ Նախ՝ ծխի մասնիկներն ազդում են կենտրոնական նյարդային համակարգի վրա եւ կարող են բարձրացնել մարդկանց սթրեսի, գրգռվածության եւ ագրեսիվության մակարդակը, հատկապես այն մարդկանց, ովքեր արդեն հոգեկան կամ ֆիզիոլոգիական գործոնների ռիսկի գոտում են։

Երկրորդ՝  աղտոտված օդի երկարատեւ ազդեցությունը վատացնում է քունը եւ ընդհանուր ինքնազգացողությունը, ինչը նույնպես կարող է նպաստել հուզական անկայունությանը։ Վերջապես,  տեսանելիության վատացումը եւ բաց տարածքի հասանելիության սահմանափակումը խիտ ծխի պատճառով կարող է սաստկացնել սոցիալական լարվածությունը եւ վեճերը մարդկանց շրջանում։

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ իրենց ստացած արդյունքները չեն ապացուցում պատճառահետեւանքային ուղիղ կապը յուրաքանչյուր առանձին դեպքում, բայց վիճակագրական առումով նշանակալի հարաբերակցությունները վկայում են կայուն պատերնի մասին. որքան վատ է օդի որակը հրդեհների պատճառով, այնքան բարձր է բռնության մակարդակը հասարակությունում։

Սա նոր հեռանկար է բացում կլիմայական աղետների հետեւանքները հասկանալու համար, դրանք արտացոլվում են ոչ միայն ֆիզիկական առողջության վրա՝ շնչուղիների եւ սիրտ-անոթային համակարգի միջոցով, այլեւ մարդկանց սոցիալական վարքագծում։

Գիտնականները խորհուրդ են տալիս նկատի ունենալ այս տվյալները անտառային հրդեհներին արձագանքելու միջոցները մշակելիս, ներառյալ աջակցությունը բնակչության հոգեկան առողջությանը եւ ուժեղացված սոցիալական ծառայությունները ինտենսիվ ծխի ժամանակ։