Մուլտիվիտամինների ամենօրյա ընդունումը կարող է օգտակար լինել ոչ միայն ընդհանուր առողջությանը, այլև կարող է դանդաղեցնել կենսաբանական ծերացումը, ասվում է նոր հետազոտության մեջ։
Գիտնականները պարզել են, որ տարեց մարդկանց մոտ, ովքեր երկու տարի շարունակ մուլտիվիտամիններ են ընդունել, դանդաղել են օրգանիզմի «մաշվածության» գործընթացները՝ կապված կենսաբանական տարիքի հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում։
Առավել նկատելի էֆեկտ է դիտվել այն մասնակիցների մոտ, ովքեր հետազոտության սկզբում ունեցել են արագացված կենսաբանական ծերացում։
«Այսօր մեծ հետաքրքրություն կա այնպիսի միջոցներ գտնելու ուղղությամբ, որոնք թույլ կտան ոչ միայն երկար ապրել, այլև ապրել ավելի լավ», — նշել է Բոստոնի Mass General Brigham-ի կանխարգելիչ բժշկության գծով փոխտնօրեն և առաջատար հետազոտող Հովարդ Սեսսոն։
«Հետաքրքիր էր տեսնել, որ մուլտիվիտամինների ընդունումը կապված է կենսաբանական ծերացման ցուցանիշների բարելավման հետ», — ասել է նա մամուլի հաղորդագրության մեջ:
Նրա խոսքով՝ այս հետազոտությունը հնարավորություններ է բացում հետագայում առավել հասանելի և անվտանգ միջոցներ ուսումնասիրելու և առողջ ու որակյալ ծերացմանը նպաստելու համար:
Կենսաբանական տարիքի թեստերը գնահատում են, թե ինչպես է առօրյա կյանքն ազդում մարդու գենետիկայի վրա և առաջացնում օրգանիզմի «մաշվածություն»: Այս ցուցանիշների հիման վրա մարդը կարող է կենսաբանորեն ավելի երիտասարդ կամ ծեր լինել իր օրացուցային տարիքից:
Նոր հետազոտության ընթացքում գիտնականները դիտարկել են 958 մասնակցի, որոնց միջին տարիքը մոտ 70 տարեկան էր: Նրանց բաժանել են հինգ խմբի:
Մի խումբը ամեն օր ընդունել է կակաոյի էքստրակտ և մուլտիվիտամիններ, երկրորդը՝ կակաոյի էքստրակտ և պլացեբո, երրորդը՝ մուլտիվիտամիններ և պլացեբո, իսկ չորրորդը ստացել է երկու պլացեբո:
Երկու տարվա ընթացքում հետազոտողները բազմիցս վերլուծել են մասնակիցների կենսաբանական տարիքը՝ օգտագործելով այսպես կոչված «կենսաբանական ժամացույցների» գնահատման հինգ տարբեր մեթոդներ:
Մուլտիվիտամիններ ընդունած մարդկանց մոտ գրանցվել է ծերացման դանդաղում բոլոր հինգ ցուցանիշներով։ Ըստ հետազոտողների հաշվարկների՝ դա համապատասխանել է երկու տարվա դիտարկման ընթացքում մոտ չորս ամիս «խնայված» ծերացմանը։
Ամենամեծ օգուտը քաղել են այն մասնակիցները, ովքեր հետազոտության սկզբում կենսաբանորեն ավելի մեծ են եղել իրենց փաստացի տարիքից:
«Մենք նախատեսում ենք շարունակել դիտարկումները՝ հասկանալու համար, թե արդյոք այս հինգ կենսաբանական ժամացույցների օգնությամբ արձանագրված կենսաբանական ծերացման դանդաղումը պահպանվում է հետազոտության ավարտից հետո, թե ոչ», — նշել է հետազոտող Յանբին Դոնգը՝ Օգաստայի համալսարանի Ջորջիայի բժշկական քոլեջին կից Georgia Prevention Institute-ի տնօրենը:
Գիտնականներն ընդգծում են, որ անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ՝ պարզելու համար, թե հատկապես ինչու են մուլտիվիտամիններն ազդում ծերացման գործընթացների վրա:
«Շատերն ընդունում են մուլտիվիտամիններ՝ չիմանալով, թե կոնկրետ ինչ օգուտ դրանք կարող են բերել: Հետևաբար, որքան շատ բան իմանանք առողջության վրա դրանց պոտենցիալ ազդեցությունների մասին, այնքան լավ», — հավելել է Սեսսոն:






