Գիտնականները հայտնաբերել են նոր կենսաբանական մեխանիզմ, որը բացատրում է, թե ինչպես են որոշ դեղամիջոցներ և շրջակա միջավայրի քիմիական նյութերը ազդում մարդու օրգանիզմում սեռական հորմոնների հավասարակշռության վրա:

Basic & Clinical Pharmacology & Toxicology ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ բազմաթիվ նյութեր ունակ են փոփոխել հորմոնալ ֆոնը՝ նախկինում անհայտ մոլեկուլային ուղու միջոցով:

Բացահայտման կենտրոնում է հայտնվել այսպես կոչված PXR ռեցեպտորը՝ սենսորային սպիտակուցը, որն օգնում է օրգանիզմին ճանաչել և վերամշակել տարբեր քիմիական միացություններ, այդ թվում՝ դեղամիջոցներ: Երկար ժամանակ համարվում էր, որ դրա հիմնական գործառույթը կապված է լյարդի աշխատանքի և դետոքսիկացիայի հետ: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այս ռեցեպտորն ազդում է նաև հատուկ սպիտակուցի՝ SHBG-ի (սեռական հորմոնները կապող գլոբուլինի) արտադրության վրա

Այս սպիտակուցը առանցքային դեր է խաղում հորմոնալ հավասարակշռության կարգավորման գործում։ Այն արյան մեջ տեղափոխում է այնպիսի հորմոններ, ինչպիսիք են տեստոստերոնը և էստրոգենը, և որոշում է, թե դրանց որ մասն է մնում «ազատ» ու կարող է ակտիվորեն ներազդել օրգանիզմի հյուսվածքների վրա։ Եթե SHBG-ի մակարդակը փոխվում է, փոխվում է նաև սեռական հորմոնների հասանելիությունը բջիջների համար։

Այս մեխանիզմը ստուգելու համար հետազոտողները փորձարկում են անցկացրել առողջ կամավորների մասնակցությամբ։ Մեկ շաբաթ շարունակ նրանց տվել են ռիֆամպիցին հակաբիոտիկը՝ մի նյութ, որը հայտնի է որպես PXR ռեցեպտորի հզոր ակտիվատոր։ Արդյունքները բավականին ակնհայտ էին. գրեթե բոլոր մասնակիցների մոտ արյան մեջ SHBG-ի մակարդակը մոտավորապես կրկնապատկվել էր։ Տղամարդկանց մոտ դրան զուգահեռ բարձրացել էր նաև տեստոստերոնի ընդհանուր մակարդակը։

Լյարդի բջիջների վրա կատարված լրացուցիչ լաբորատոր փորձարկումները հաստատել են պատճառահետևանքային կապը։ Երբ PXR ռեցեպտորի ակտիվությունը արգելափակվել է, SHBG-ի ուժեղացված արտադրությունը դադարել է։ Սա գիտնականներին թույլ է տվել հաստատել նոր մեխանիզմի գոյությունը, որն անվանվել է «PXR–SHBG–տեստոստերոն ուղի»։

Հետազոտողների խոսքով՝ բացահայտումը կարևոր է այն պատճառով, որ PXR ռեցեպտորը կարող է ակտիվանալ բազմաթիվ տարբեր նյութերից՝ սկսած դեղամիջոցներից մինչև սննդի բաղադրիչներ և շրջակա միջավայրի քիմիական միացություններ, ներառյալ պեստիցիդները, պլաստմասսայի հավելումները և հակապիրենները։

Սա նշանակում է, որ նման նյութերն ընդունակ են անուղղակիորեն ազդել մարդու հորմոնալ համակարգի վրա՝ փոխելով հասանելի սեռական հորմոնների մակարդակը։ Այս մեխանիզմի ըմբռնումը կարող է օգնել գիտնականներին ավելի ճշգրիտ կանխատեսել առողջության վրա դեղամիջոցների հորմոնալ ազդեցությունները և քիմիական նյութերի հնարավոր ներգործությունը։