Գիտնականները հայտնաբերել են, որ արյան պարզ զննումը կարող է օգնել կանանց մոտ դեմենցիայի առաջացման վտանգի կանխատեսմանը առաջին ախտանշանների ի հայտ գալուց դեռ շատ առաջ։

Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում, ցույց է տվել, որ արյան մեջ որոշակի բիոմարկերը կարող է մատնանշել կոգնիտիվ խախտումների եւ դեմենցիայի բարձր հավանականության մասին հիվանդության առաջացումից մոտ 25 տարի առաջ։

Հետազոտության կենտրոնում p-tau217 սպիտակուցն է եղել, տաու-սպիտակուցի տեսակ, որը կապված է ուղեղում պաթոլոգիական պրոցեսների հետ Ալցհեյմերի հիվանդության ժամանակ։ Հայտնի է, որ հիվանդության առաջացման ժամանակ ուղեղում աստիճանաբար կուտակվում են անոմալ սպիտակուցներ, բայց այդ փոփոխությունները կարող են սկսվել հիշողության եւ մտածողության հետ կապված խնդիրների առաջացումից երկար տարիներ առաջ։

Աշխատանքն իրականացրել են Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանի հետազոտողները՝ ուսումնասիրելով Women’s Health Initiative Memory Study երկարաժամկետ նախագծի տվյալները։

Հետազոտությունում ներառվել են 65-79 տարեկան 2 766 կանայք, որոնց մոտ դիտարկման սկզբում կոգնիտիվ խախտումների նշաններ չեն եղել։ Մասնակիցներին հետեւել են մոտ 25 տարի։

Մասնակիցների արյունը, որը վերցրել են հետազոտության սկզբում, ավելի ուշ ուսումնասիրվել է p-tau217 մակարդակով։ Արդյունքները ցույց են տվել, որ այդ սպիտակուցի ավելի բարձր մակարդակ ունեցող կանայք զգալիորեն ավելի հաճախ են հետագա տարիներին բախվել հիշողության վատթարացման, թեթեւ կոգնիտիվ խախտումների կամ դեմենցիայի հետ։ Ընդ որում, վտանգն ավելացել է բիոմարկերի խտության մեծացմանը զուգընթաց։

Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ կապն այդ ցուցանիշների եւ ապագա կոգնիտիվ խնդիրների միջեւ հատկապես արտահայտված է եղել 70-ից բարձր տարիքի կանանց եւ APOE ε4 գենետիկ տարբերակ (որը վաղուց համարվում է Ալցհեյմերի հիվանդության ռիսկի կարեւոր գործոններից մեկը) ունեցող կանանց մոտ։

Հետազոտողների կարծիքով՝ արյան այս ուսումնասիրությունը կարող է կարեւոր միջոց դառնալ դեմենցիայի վտանգի գոտում գտնվող մարդկանց վաղ հայտնաբերման համար։ Ի տարբերություն թանկարժեք մեթոդների, օրինակ՝ ուղեղի սքանավորման կամ ոսկրածուծի վերլուծության, արյան թեստը պոտենցիալ առումով ավելի պարզ եւ հասանելի է։

Սակայն մասնագետներն ընդգծել են, որ նման թեստերն առայժմ օգտագործվում են գերազանցապես գիտական հետազոտություններում, եւ սովորական բժշկական պրակտիկայում ներդնելու համար լրացուցիչ ստուգում եւ ախտորոշման մեթոդների ճշգրտում կպահանջվեն։