Գիտնականները ստեղծել են նանոմասնիկների պարզեցված համակարգ, որը կարող է ուսուցանել» իմունային համակարգին՝ գտնել եւ ոչնչացնել հիվանդություն առաջացնող բջիջերը։ Նոր տեխնոլոգիան կարող է դառնալ ավելի հասանելի այլընտրանք բջջային իմունաթերապիայի բարդ եւ թանկ արժեցող մեթոդների համար, որոնք այսօր օգտագործվում են, օրինակ, արյան քաղցկեղի որոշ տեսակների բուժման համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։

Մեթոդն ստեղծել է Ջոն Հոփքինսի համալսարանի բժշկության դպրոցի հետազոտողների խումբը։ Նրանք ստեղծել են կենսադեգեներացվող նանոմասնիկներ պոլիմերներից՝ մոլեկուլների շղթաներից, որոնք կարող են անվտանգ քայքայվել օրգանիզմում։ Այդ մասնիկների մակերեսը ծածկված է հակամարմիններով, որոնք թույլ են տալիս նրանց գտնել եւ ակտիվացնել T-բջիջները՝ իմունային համակարգի կարեւոր «մարտիկներին»։

Օրգանիզմում հայտնվելուց հետո նանոմասնիկները փոխգործակցում են T-բջիջների հետ եւ նրանց հասցնում մՌՆԹ մոլեկուլներ։ Այդ գենետիկ մոլեկուլները իմունային համակարգի բիջիջներին ստիպում են արտադրել հատուկ ռեցեպտորներ, որոնք կարող են ճանաչել եւ գրոհել պաթոլոգիկ B-բջիջները։ Հենց այդ բջիջներն են կարեւոր դեր խաղում մի շարք հիվանդությունների առաջացման գործում, ներառյալ գայլախտ աուտոիմունային հիվանդությունը, ինչպես նաեւ արյան քաղցկեղի մի քանի տեսակները, օրինակ՝ լեյկեմիան եւ լիմֆոման։

Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել տպավորիչ արդյունք. մեկ ներարկումից 24 ժամ հետո արդեն թիրախային B-բջիջները արյան մեջ նվազել են մոտ 95 տոկոսով։ Փայծաղում՝ իմունային համակարգի կարեւոր օրգաններից մեկում, այդ բջիջների մոտ կեսը եւս ոչնչացել է։ Ընդ որում, մեկ շաբաթ անց B-բջիջների մակարդակը մասամբ վերականգնվել է, ինչը նշանակում է իմունիտետի վրա վերահսկվող ազդեցության հնարավորություն։

Տեխնոլոգիայի գլխավոր առավելություններից մեկը նրա համեմատաբար պարզ լինելն է։ Ի տարբերություն ժամանակակից CAR-T թերապիայի, որի դեպքում պացիենտի իմունային բջիջները սկզբում հանում են, գենետիկորեն մոդիֆիկացնում լաբորատորիայում եւ հետո վերադարձնում օրգանիզմ, նոր համակարգը կարող է օգտագործվել որպես պատրաստի դեղամիջոց։ Դա պոտենցիալ առումով բուժումը դարձնում է ավելի արագ, ավելի էժան եւ ավելի հասանելի պացիենտների համար։