Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդու կույր աղիքը, որը երկար ժամանակ համարվում էր անօգուտ «էվոլյուցիոն մնացուկ», իրականում կարող է կարևոր դեր խաղալ օրգանիզմում, տեղեկացնում է The Conversation-ը։

Գիտնականները պարզել են, որ կույր աղիքին նման կառուցվածք կաթնասունների 361 տեսակների մոտ էվոլյուցիայի ընթացքում անկախաբար առաջացել է առնվազն 32 անգամ։

Կենսաբանության մեջ այս կրկնվող գործընթացն անվանում են կոնվերգենտ էվոլյուցիա, երբ կենդանիների տարբեր խմբերի մոտ իրարից անկախ ի հայտ են գալիս նմանատիպ հատկանիշներ։ Սա տեղի է ունենում, եթե որոշակի առանձնահատկություն օրգանիզմին գոյատևման առավելություն է տալիս։

Կույր աղիքը նեղ ելուն է բարակ և հաստ աղիքների միացման հատվածում։ Տասնամյակներ շարունակ կենսաբանության բազմաթիվ դասագրքեր այն նկարագրում էին որպես ռուդիմենտ՝ հեռավոր նախնիներից մնացած և իր գործառույթը կորցրած օրգան։ Դեռևս Չարլզ Դարվինն էր ենթադրում, որ այն աղիքի ավելի մեծ հատվածի մնացուկ է, որն անհրաժեշտ էր հնագույն պրիմատներին բուսական սնունդը մարսելու համար։ Սակայն ժամանակակից տվյալներն ավելի ու ավելի են կասկածի տակ դնում այս վարկածը։

Էվոլյուցիայի ընթացքում կույր աղիքի պահպանման բացատրություններից մեկն իմունային համակարգում նրա հնարավոր դերն է։ Այս օրգանի պատերը պարունակում են մեծ քանակությամբ լիմֆոիդ հյուսվածք՝ իմունային բջիջների կուտակումներ, որոնք մասնակցում են օրգանիզմի պաշտպանությանը և օգնում են վերահսկել աղիքների միկրոբային միջավայրը։ Այս համակարգը հատկապես ակտիվ է գործում մանկության և պատանեկության շրջանում, երբ իմունիտետը դեռ ձևավորվում է։

Մեկ այլ հայտնի վարկած կապված է միկրոբիոմի հետ։ Որոշ գիտնականներ կարծում են, որ կույր աղիքը կարող է ծառայել որպես յուրօրինակ «ապաստարան» աղիքների օգտակար բակտերիաների համար։ Աղիքային ծանր վարակների ժամանակ, երբ միկրոֆլորայի մեծ մասը դուրս է մղվում օրգանիզմից, կույր աղիքում պահպանված բակտերիաները կարող են օգնել ավելի արագ վերականգնել աղիքների միկրոբների հավասարակշռությունը։

Այն փաստը, որ նման օրգանը բազմիցս ի հայտ է եկել կաթնասունների տարբեր խմբերի մոտ՝ պրիմատներից մինչև կրծողներ և պարկավորներ, մատնանշում է, որ այն, հավանաբար, էվոլյուցիոն առավելություններ է տվել։ Ուստի հետազոտողները քիչ հավանական են համարում, որ կույր աղիքն անատոմիայի պատահական և անօգուտ տարր է։ Ամենայն հավանականությամբ, սա իմունիտետի և աղիքային միկրոբիոմի փոխազդեցության բարդ համակարգի փոքր, բայց ֆունկցիոնալ առումով նշանակալի բաղադրիչ է։