Լսողության կորստի և դեմենցիայի զարգացման միջև ուղղակի պատճառահետևանքային կապն ապացուցված չէ, չնայած տարածված այն տեսակետներին, թե խլությունը ռիսկի գլխավոր գործոն է հանդիսանում վերջինիս համար։ Այս մասին հայտնել է Medical Xpress ամսագիրը:
Հետազոտողները նշում են, որ կոգնիտիվ անկումը և լսողության խանգարումները հաճախ ի հայտ են գալիս միաժամանակ, սակայն դրանց փոխազդեցության մեխանիզմները վերջնականապես ուսումնասիրված չեն: Ռիսկերի տարածված գնահատականները ցույց են տալիս հասարակական մակարդակում խնդրի մասշտաբը, բայց չեն նշանակում, որ վատ լսողություն ունեցող կոնկրետ անձը անպայման կբախվի թուլամտության հետ: Ռիսկի հիմնական գործոններն են տարիքը, գենետիկան և սիրտ-անոթային համակարգի վիճակը:
Մասնագետների խոսքով՝ չափազանց կարևոր է ուշադրություն դարձնել հստակ հաղորդակցությանը, քանի որ նմանատիպ թյուրիմացությունները կարող են առաջանալ դեմենցիայի զարգացման ռիսկի հաշվարկման ու ներկայացման ձևից, ինչպես նաև հետազոտությունների արդյունքների կոնկրետ նկարագրությունից: Հրապարակման համաձայն՝ լսողության կորստի և դեմենցիայի միջև կապի չափազանցումը կարող է ոչ իրատեսական սպասումներ ստեղծել և հետ պահել որոշ մարդկանց մասնագետին դիմելուց:
Հետազոտողները առաջարկել են մի քանի տարբերակներ, թե ինչպես կարող է լսողության կորուստն ազդել կոգնիտիվ ֆունկցիաների անկման վրա, այդ թվում՝ ուղեղի կողմից տեղեկատվության մշակման ուղիները փոխելու ունակության, ինչպես նաև սոցիալական ակտիվության վրա:
Հաճախ լսողության կորուստն իսկապես ուղեկցում է դեմենցիային: Բուժման բացակայության դեպքում այն կարող է նվազեցնել նաև աջակցության այլ ձևերի արդյունավետությունը, իսկ լսողական դժվարություններն ինքնին կարող են խոչընդոտել խմբակային պարապմունքներին կամ թերապիայի սեանսներին մասնակցելուն: Նաև ընդգծվում է, որ լսողության խանգարումներ ունեցող մարդկանց մոտ 80%-ն ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:
Թեև լսողության կորստի և դեմենցիայի միջև փոխադարձ կապը շարունակում է ուսումնասիրվել, հայտնի է, որ խլությունը կարևոր դեր է խաղում ոչ միայն կոգնիտիվ ֆունկցիաների համար: Լսողության բարելավման հարցում մարդկանց աջակցելը կարող է օգնել նրանց պահպանել կապը արտաքին աշխարհի հետ, ինչպես նաև լինել ներգրավված ու անկախ:






