Վայրի հապալասի կանոնավոր օգտագործումը կարող է նպաստել սրտի և աղեստամոքսային տրակտի առողջությանը, ինչպես նաև նվազեցնել քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկերը։ Այս մասին հայտնում է Medical Xpress ամսագիրը:
Հետազոտողների տվյալներով՝ վայրի հապալասը հարուստ է պոլիֆենոլներով՝ կենսաբանորեն ակտիվ միացություններով, որոնք դրական ազդեցություն ունեն անոթային համակարգի վրա: Սովորական հապալասի համեմատ՝ վայրի տեսակը պարունակում է մոտ երկու անգամ ավելի շատ հակաօքսիդանտներ, 72%-ով ավելի շատ սննդային մանրաթելեր և 33%-ով ավելի շատ անտոցիաններ՝ նյութեր, որոնք ուղղակիորեն կապված են սիրտ-անոթային և նյութափոխանակության առողջության բարելավման հետ:
Կլինիկական նուտրիցիոլոգիայի պրոֆեսոր Դորոթի Կլիմիս-Զակասը նշել է, որ օրական օպտիմալ չափաբաժինը կեսից մինչև մեկ բաժակ հատապտուղն է: Ըստ նրա՝ վայրի հապալասն օգնում է նվազեցնել բորբոքումները և բարելավել արյունատար անոթների վիճակը: Հետազոտությունները ցույց են տվել, որ հատապտուղներն ազդում են էնդոթելումի վրա. դա բջիջների բարակ շերտ է, որը պատում է անոթների ներքին մակերեսը և կարգավորում դրանց լայնացումն ու սեղմումը: Էնդոթելումի ֆունկցիայի խանգարումը համարվում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հիմնական գործոններից մեկը:
Նախակլինիկական փորձարկումների ընթացքում գիտնականները պարզել են, որ զարկերակային բարձր ճնշում և ավելորդ քաշ ունեցող կենդանիների մոտ վեց շաբաթ վայրի հապալաս օգտագործելուց հետո նվազել են բորբոքային գործընթացները և բարելավվել է անոթների վիճակը: Հավելյալ վերլուծությունը ցույց է տվել, որ հատապտուղներն ընդունակ են փոխել անոթային հյուսվածքի կառուցվածքը գլիկոպրոտեինների միջոցով. (դրանք մոլեկուլներ են, որոնք մասնակցում են էնդոթելումի բջիջների միջև ազդանշանների փոխանցմանը):
Բացի այդ, մասնագետներն ուսումնասիրել են վայրի հապալասի ազդեցությունը գլյուկոզայի և ճարպերի փոխանակության, բորբոքային գործընթացների և աղիքային միկրոֆլորայի վիճակի վրա: Գիտնականների խոսքով՝ ստացված տվյալները մատնանշում են այս հատապտուղների հնարավոր դերը նյութափոխանակության բնականոն ընթացքի պահպանման գործում:
Հետազոտողները նշում են, որ օգտակար հատկությունները պահպանվում են ինչպես թարմ, այնպես էլ սառեցված կամ սուբլիմացված հապալասի դեպքում: Սառեցված հատապտուղները համարվում են հարմար տարբերակ, քանի որ դրանք սովորաբար սառեցվում են հավաքելուց անմիջապես հետո, ինչն օգնում է պահպանել սննդարար նյութերը: Մասնագետների կարծիքով՝ վայրի հապալասը կարող է հատկապես օգտակար լինել սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոններ ունեցող մարդկանց համար՝ ծխողների, բարձր ճնշում, ավելորդ քաշ, դիաբետ կամ ճարպային փոխանակության խանգարումներ ունեցող պացիենտների համար:






