Մեծ Բրիտանիայում մենինգիտի դեպքերի կտրուկ աճ է գրանցվել, որն իշխանություններն անվանում են վարակի «աննախադեպ» բռնկում՝ կենտրոնացված Անգլիայի հարավ-արևելքի ուսանողական միջավայրում, հաղորդում է AFP-ն:
Մեծ Բրիտանիայի Առողջապահական անվտանգության գործակալության տվյալներով՝ մինչև մարտի 17-ը հայտնաբերված և կասկածելի դեպքերի թիվը հասել է 20-ի, ներառյալ լաբորատոր հաստատված ինը դեպք, իսկ ևս 11-ը մնում են ստուգման փուլում:
Բռնկման օջախ է դարձել Քենթ կոմսության շրջանը, որտեղ հիվանդացածների զգալի մասը կապված է Քենթի համալսարանի և ուսանողական շրջանակների շփումների հետ: Հիվանդության հետևանքով մահացել է երկու երիտասարդ՝ 21-ամյա ուսանող և 18-ամյա դպրոցական: Մի քանի այլ պացիենտներ հոսպիտալացվել են մենինգոկոկային վարակին բնորոշ ծանր ախտանիշներով, որն ախտահարում է ուղեղի և ողնուղեղի թաղանթները և կարող է արագորեն հանգեցնել մահվան:
Բրիտանական իշխանությունների խոսքով՝ հիվանդության տարածումը կապված է ուսանողական կյանքին բնորոշ սերտ սոցիալական շփումների հետ։ Մասնավորապես, որպես փոխանցման գործոններ նշվում են համբույրները, ըմպելիքների և էլեկտրոնային սիգարետների համատեղ օգտագործումը։ Առանձնակի ուշադրություն է դարձվում Քենթերբերիի գիշերային ակումբներից մեկին, որը դիտարկվում է որպես զանգվածային վարակման հնարավոր վայր։
Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ հաստատված դեպքերի մի մասը պատկանում է մենինգոկոկային վարակի B խմբին, որը հիվանդության ավելի հազվադեպ և պոտենցիալ ավելի վտանգավոր ձև է։ Դրան զուգահեռ մասնագետները հետաքննում են մեկ մանկան վարակման դեպք, որը, նախնական տվյալներով, կապված չէ բռնկման հիմնական օջախի հետ։
Բժիշկները շեշտում են, որ մենինգիտն ամենից հաճախ ախտահարում է երեխաներին, դեռահասներին և երիտասարդներին՝ հենց այն խմբերին, որոնք ակտիվորեն ներգրավված են սոցիալական փոխազդեցության մեջ։ Իշխանությունները զգուշացնում են, որ իրավիճակը մնում է դինամիկ և դեպքերի թիվը կարող է ավելանալ, քանի որ հիվանդության ինկուբացիոն շրջանը հասնում է երկու շաբաթի։






