Մեծ Բրիտանիայում Մենինգիտ B-ի մահացու բռնկումից հետո պատվաստանյութի պահանջարկը կտրուկ աճել է. դեղատներում հսկայական հերթեր են գոյացել, իսկ դեղամիջոցի մասնավոր պաշարները գրեթե սպառվել են։ Վարակի օջախը հայտնաբերվել է Քենթ կոմսության Քենթերբերի քաղաքում։ Հիվանդության հետևանքով արդեն երկու մարդ է մահացել։ Այս մասին հաղորդում է «The Guardian» պարբերականը։

Մենինգոկոկային մենինգիտը մենինգոկոկային վարակի այնպիսի ձև է, որը բնորոշվում է ուղեղի փափուկ և ոստայնենի թաղանթների թարախային բորբոքմամբ։ Մենինգիտի վտանգավորությունը պայմանավորված է դրա արագ զարգացմամբ, կենտրոնական նյարդային համակարգի ու այլ օրգանների վնասման ռիսկով, ինչպես նաև հնարավոր երկարատև հետևանքներով (նույնիսկ բուժվելուց հետո)։

Բժշկական ծառայությունները փորձում են կանխել վարակի տարածումը. կանխարգելիչ հակաբիոտիկներ են նշանակվել հազարավոր մարդկանց, ովքեր կարող էին շփում ունենալ վարակակիրների հետ։ Իշխանությունները բռնկումը հայտարարել են համազգային նշանակության արտակարգ իրավիճակ։ Մասնագետները զգուշացնում են, որ դեպքերի թիվը կարող է ավելանալ, քանի որ հիվանդության ախտանշանները կարող են ի հայտ գալ վարակվելուց 2-14 օր անց։

Բնակչության շրջանում տիրող տագնապի ֆոնին Մենինգիտ B-ի պատվաստանյութի պահանջարկը կտրուկ աճել է։ Մեծ Բրիտանիայի Ազգային դեղագործական ասոցիացիայի տվյալներով՝ պատվաստանյութի մասնավոր մատակարարումներն արդեն սպառվել են։ Դեղատները հայտնում են մտահոգված ծնողների և ուսանողների հարյուրավոր դիմումների մասին։

Լոնդոնի հյուսիս-արևմուտքում գտնվող խոշոր դեղատներից մեկի՝ «Landys Chemist»-ի ներկայացուցիչները պատմել են, որ անդադար զանգեր են ստանում պատվաստանյութի առկայության վերաբերյալ, սակայն այս պահին դեղամիջոցը բացակայում է նաև մեծածախ մատակարարների մոտ։ Դեղագործները նշում են, որ պաշարների մի մասը կարող է ուղղվել անմիջապես Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայությանը (NHS)՝ առավել բարձր ռիսկային խմբերում գտնվող անձանց պատվաստումն ապահովելու համար։

Այդուհանդերձ, փորձագետները բնակչությանը հորդորում են պահպանել հանգստություն։ Մեծ Բրիտանիայի Թագավորական դեղագործական ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ մենինգիտը տարածվում է զգալիորեն ավելի դանդաղ, քան COVID-19-ը, ուստի պատվաստանյութը և հակաբիոտիկները առաջնահերթ պետք է ստանան այն մարդիկ, ովքեր սերտ շփում են ունեցել հիվանդների հետ։

Վարակաբանները նաև հիշեցնում են նախազգուշական պարզ միջոցների մասին։ Մենինգիտ հարուցող բակտերիաները փոխանցվում են թքի միջոցով, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս չօգտվել ուրիշի ըմպելիքներից, սպասքից կամ վեյփինգի սարքերից։