Չինաստանի Ֆուդանի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են նեյրոնների մի ցանց, որն արձագանքում է սթրեսին՝ ակտիվացնելով մաշկի իմունային բջիջները, ինչը հանգեցնում է էկզեմայի ախտանիշների սրմանը։ Այս մասին հայտնել է Scientific American ամսագիրը։

Ըստ բացահայտման՝ հոգեբանական լարվածությունը գործի է դնում ռեակցիաների մի շղթա, որը հանգեցնում է ֆիզիկական բորբոքման։ Գիտնականները պարզել են, որ որոշակի նեյրոններ կենտրոնական նյարդային համակարգից ստանում են ազդանշաններ, որոնք մասնակցում են սթրեսի նկատմամբ արձագանքին։ Ի պատասխան՝ այդ բջիջները սկսում են արտադրել բորբոքային սպիտակուցներ, որոնք մաշկի հյուսվածքներ են ներգրավում իմունային բջիջների մի տեսակ՝ էոզինոֆիլներ։

Հետազոտության համահեղինակ, նեյրոկենսաբան Շենբին Լյուի խոսքով՝ այս աշխատանքը ցույց է տալիս, թե ինչպես կարող է հոգեբանական սթրեսը վերափոխվել կենսաբանական իրադարձության՝ առաջացնելով մաշկի բորբոքում։

Գիտնականների եզրակացությունները հիմնված են ատոպիկ դերմատիտով (ԱԴ) հիվանդ 51 պացիենտի մաշկի բիոպսիայի և արյան նմուշների վերլուծության վրա: Մասնագետները պարզել են, որ բարձր սթրեսի մասին հայտնած մասնակիցների մոտ դիտվել է ավելի ուժեղ բորբոքում և էոզինոֆիլների բարձր պարունակություն՝ համեմատած նրանց հետ, ովքեր ցածր մակարդակի սթրես են ունեցել:

Մեխանիզմը հաստատելու համար հեղինակները ստեղծել են մկների վրա ատոպիկ դերմատիտի մոդել: Երբ կրծողները ենթարկվել են հոգեբանական սթրեսի, ուժեղացել են այնպիսի ախտանիշները, ինչպիսիք են քորը և կարմրությունը: Սթրեսային խմբի կենդանիների մաշկի նմուշներում էոզինոֆիլների քանակը չորս անգամ ավելի շատ է եղել, քան ստուգիչ խմբի մոտ: Հայտնաբերված նեյրոնների արգելափակումը կանխել է ախտանիշների վատթարացումը՝ չնայած սթրեսի ազդեցությանը:

«Սթրեսը և էկզեման կապող հետազոտությունը կարևոր օղակ է ընդհանուր պատկերի մեջ: Սակայն հաջորդ փուլում անհրաժեշտ է նմանատիպ հետազոտություններ իրականացնել մարդկանց վրա»,- նշել է Վիեննայի բժշկական համալսարանի կլինիկական մաշկաբան Վոլֆգանգ Վենինգերը: