Մարդու քնի ռեժիմն ու աշխատունակությունը կախված են ոչ թե սովորություններից, այլ օրգանիզմի կենսաբանական առանձնահատկություններից։ Այս մասին հայտնում է Popular Science ամսագիրը:

Գիտնականները նշում են, որ մարդկանց բաժանումը «արտույտների» և «բվերի» խիստ պարզունակ է. գործնականում խոսքը քրոնոտիպերի՝ անհատական կենսաբանական ռիթմերի մասին է, որոնք էլ որոշում են ակտիվության և հանգստի ժամերը: Այս ռիթմերը ձևավորվում են գենետիկայի, տարիքի և շրջակա միջավայրի ազդեցությամբ:

Մասնագետների պարզաբանմամբ՝ կյանքի տարբեր փուլերում նախապատվությունները փոխվում են. մանկության տարիներին մարդիկ սովորաբար վաղ են արթնանում, դեռահասության շրջանում հակված են ուշ քնելուն ու ուշ արթնանալուն, իսկ տարիքի հետ կրկին վերադառնում են վաղարթնացումների ռեժիմին: Այդուհանդերձ, այս կամ այն քրոնոտիպի նկատմամբ հիմնական հակվածությունը, որպես կանոն, պահպանվում է:

Էական դեր են խաղում նաև արտաքին գործոնները։ Լույսի ազդեցությունը, հատկապես արհեստական լուսավորությունը, կարող է խաթարել կենսաբանական ժամացույցի բնական ընթացքը՝ ճնշելով քնի հորմոնի՝ մելատոնինի արտադրությունը։ Օրինակ՝ երեկոյան ժամերին գաջեթների ակտիվ օգտագործումը նպաստում է ուշ քնելուն։

Հետազոտությունները փաստում են, որ քրոնոտիպի վրա ազդում է նաև գենետիկան. գիտնականները հայտնաբերել են հարյուրավոր գործոններ, որոնք պայմանավորում են մարդու հակվածությունը առավոտյան կամ երեկոյան ակտիվությանը։ Ենթադրվում է, որ քնի ռեժիմների այս բազմազանությունը կարող է էվոլյուցիոն նշանակություն ունենալ՝ թույլ տալով ավելի տարեց մարդկանց պահպանել զգոնությունը օրվա տարբեր ժամերին:

Որոշ մասնագետներ առաջարկում են քրոնոտիպերի ավելի մանրամասն դասակարգում։ Մասնավորապես, առանձնացվում են պայմանական կատեգորիաներ՝ «արջեր», «գայլեր», «առյուծներ» և «դելֆիններ», որոնք արտացոլում են ակտիվության և քնի նկատմամբ զգայունության տարբեր մոդելներ։

Միևնույն ժամանակ, գիտնականներն ընդգծում են, որ քնի համընդհանուր «լավագույն» ռեժիմ գոյություն չունի: Թեև վաղ արթնանալը հիմնականում զուգորդվում է ավելի կայուն հոգեկան և ֆիզիկական առողջության հետ, «բվերը» կարող են աչքի ընկնել բարձր ճանաչողական ճկունությամբ և լավ հիշողությամբ: Այդուհանդերձ, քնի քրոնիկ պակասը, անկախ քրոնոտիպից, մեծացնում է գիրության, դեպրեսիայի, սիրտ-անոթային հիվանդությունների և երկրորդ տիպի դիաբետի առաջացման վտանգը:

Մասնագետները որպես առանցքային գործոն նշում են ներքին կենսաբանական ռիթմերի հետ կենսակերպի համապատասխանեցումը: Քնի կանոնավոր գրաֆիկը, հանգստի բավարար տևողությունը և առավելագույն աշխատունակության ժամերին ակտիվության պլանավորումն օգնում են նվազեցնել սթրեսի մակարդակը և խուսափել հուզական այրումից: