Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են American Journal of Preventive Medicine-ում, ցույց է տվել, որ նստած վարքի տարբեր տեսակները կարող են տարբեր կերպ ազդել ապագայում դեմենցիայի առաջացման ռիսկի վրա։
Գիտնականները նշել են, որ եթե ժամանակի մեծ մասը, որն անցկացվում է նստած, զբաղեցնում է մտավոր պասիվ վարքը, օրինակ՝ հեռուստացույց նայելը, դա կապված է ավելի ուշ շրջանում դեմենցիայի առաջացման ավելի մեծ ռիսկի հետ։
Սակայն մտավոր ակտիվ գործողությունները նստած ժամանակ, ինչպիսին են կարդալը կամ աշխատանքը, որը մտավոր ակտիվություն է պահանջում, կապված են եղել դեմենցիայի առաջացման վտանգի նվազման հետ։
Հետազոտությունն առաջինն է, որը տարբերակում է մտավոր պասիվ նստելը մտավոր ակտիվ նստելուց՝ դեմենցիայի առաջացման վտանգի համատեքստում։ Մասնակցել է 35-64 տարեկան 20 811 մեծահասակ, որոնց հետեւել են 19 տարի (1997-2016թթ․)։
Հետազոտողներն օգտագործել են նստած դիրքում վարքի, ֆիզիկական ակտիվության եւ այլ գործոնների վերաբերյալ հարցաթերթիկների տվյալները, ինչպես նաեւ այդ տվյալները կապել են հիվանդությունների եւ մահվան պատճառների շվեդական ազգային գրանցամատյանների հետ։
Հետազոտության հեղինակ, դոկտոր Մեթց Հոլգերնը Կարոլինայի ինստիտուտից եւ համահեղինակները նշել են, որ նստած դիրքի բոլոր ձեւերում էներգետիկ ծախսերը նվազագույնն են, բայց հենց ուղեղի ակտիվության մակարդակը նստած ժամանակ կարող է կարեւոր գործոն լինել ապագայում կոգնիտիվ առողջության համար։
Վիճակագրական մոդելների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մտավոր ակտիվ գործողություններով անցկացվող ժամանակի ավելացումը պասիվների փոխարեն կապված է դեմենցիայի առաջացման վտանգի նվազման հետ, անգամ նստելու եւ ֆիզիկական ակտիվության ընդհանուր ժամանակի պահպանման դեպքում։
Նշանակում է՝ նստելը բոլոր դեպքերում չէ, որ վնասակար է. մտավոր ակտիվ զբաղմունքները կարող են մեղմել սակավ շարժուն կենսակերպի բացասական ազդեցությունները։
Հեղինակներն ընդգծել են, որ հետազոտությունն ունի պրոսպեկտիվ դիզայն եւ թույլ է տալիս պարզել դեմենցիայի հետ կապված ռիսկերի ասոցիացիաները, բայց չի կարող սահմանել ուղիղ պատճառահետեւանքային կապ, դրա համար վերահսկվող միջամտություններ են անհրաժեշտ։
Այնուամենայնիվ, արդյունքներն ընդգծել են, որ նստած վարքը, որն ուղեկցվում է մտավոր ակտիվությամբ, կարող է դեմենցիայի կանխարգելման կարեւոր ասպեկտ լինել։






