Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) Բջջաբանության ինստիտուտում քաղցկեղի թերապիայի նոր մոտեցում է մշակվել, որը կրծողների վրա կատարված փորձերի ժամանակ ցուցադրել է մետաստազներ առաջացնող ուռուցքի բոլոր հատվածների լիարժեք ոչնչացում։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու» պորտալը՝ հղում անելով ՌԴ Կրթության և գիտության նախարարության հետազոտությանը։
«ՌԳԱ Բջջաբանության ինստիտուտի հետազոտողները ստեղծել են քաղցկեղի թերապիայի նոր մոտեցում, որը կրծողների վրա կատարված փորձերում ցուցադրել է մետաստազներ առաջացնող ուռուցքի բոլոր հատվածների ամբողջական քայքայում։ Առաջարկվող մեթոդիկան հեռանկարներ է բացում ուռուցքային հիվանդությունների թերապիայի համար, ինչը թույլ կտա ապագայում խուսափել հիվանդի մոտ ռեցիդիվից (հիվանդության կրկնությունից)։ Հետազոտության արդյունքներով «Գազետա.ռու»-ի հետ կիսվել են Ռուսաստանի Կրթության և գիտության նախարարությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պորտալը հստակեցնում է, որ մետաստազներն անհնար է ամբողջությամբ հեռացնել։ Դա պայմանավորված է նրանով, որ քիմիաթերապիան ոչնչացնում է միայն առավել ակտիվ քաղցկեղային բջիջները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Բջիջների մեկ այլ՝ շատ փոքր հատված, անցնում է «քնած» ռեժիմի, ինչն ապահովում է դրանց դիմադրողականությունը դեղամիջոցների նկատմամբ։ Սակայն դրանք կարող են «արթնանալ» ցանկացած պահի, ուստի ռեցիդիվը հաճախ անխուսափելի է լինում։
«Մենք ուռուցքային հիվանդությունների բուժման նոր համակցված մոտեցում ենք մշակել՝ երկու միացությունների օգնությամբ։ Մկների վրա կատարված փորձերով մենք ցույց տվեցինք, որ այս մեթոդիկան թույլ է տվել ոչ միայն պայքարել ուռուցքի դեմ, այլև ամբողջությամբ ոչնչացնել քաղցկեղի կրկնություն (ռեցիդիվ) առաջացնող «քնած» բջիջները», - «Գազետա.ռու»-ի հետ կիսվել է ՌԳԱ Բջջաբանության ինստիտուտի մոլեկուլային և բջջային փոխազդեցությունների բաժնի ղեկավար Իրինա Գուժովան։
Գիտնականներն օգտագործել են երկու ազդող նյութ։ Առաջինը քլորոքինն է՝ հայտնի հակամալարիային միջոց, որի մոտ վերջերս հայտնաբերվել է քաղցկեղի դեմ պայքարելու հատկություն։ Այն ընկճում է աուտոֆագիան. բնականոն բջիջներում այս գործընթացը հեռացնում և փոխարինում է վնասված բջիջները, իսկ քաղցկեղային «քնած» բջիջներին տալիս է դիմադրողականություն բուժման նկատմամբ։ Երկրորդ միացությունը քիմիաթերապևտիկ դեղամիջոց օքսալիպլատինն է։ Այս նյութը թույլ է տալիս հաջողությամբ պայքարել ուռուցքային բջիջների դեմ, բայց միևնույն ժամանակ «արագացնում» է աուտոֆագիայի գործընթացը։
Որպես փորձարկման մոդելներ՝ հետազոտողները վերցրել են սուր սարկոմայի քաղցկեղային բջիջների երեք գիծ: Բացի այդ, թերապիան ստուգվել է աղիքների կարցինոմա ունեցող կրծողների վրա: Պարզվել է, որ եթե ուռուցքային մոդելների մեջ ներարկվի նախ քլորոքին, իսկ հետո՝ օքսալիպլատին, ապա քաղցկեղի «քնած» բջիջները կորցնում են իրենց դիմադրողականությունը օքսալիպլատինի նկատմամբ՝ ակտիվ բջիջներին հավասար: Ընդ որում, նշված թերապիայից հետո ուռուցքային հյուսվածքի անալիզը ցույց է տվել մետաստազների առաջացման աղբյուրների բացակայություն բոլոր չորս բջջային մոդելներում, ներառյալ՝ լաբորատոր մկների մոտ:
«Մենք հույս ունենք, որ քաղցկեղի թերապիայի առաջարկված մարտավարությունը՝ «քնած» ուռուցքային բջիջների վերացմամբ, ապագայում կարող է հիմք հանդիսանալ քաղցկեղի բուժման համար՝ ռեցիդիվների կանխարգելման հնարավորությամբ: Այնուամենայնիվ, այս խնդրի լուծումը կպահանջի հետագա հետազոտություններ, կլինիկական և նախակլինիկական փորձարկումներ», - հավելվում է հաղորդագրության մեջ՝ հղում անելով Գուժովայի խոսքերին:






