Foods ամսագրում հրապարակված վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ սովորական խատուտիկի տերևները կարող են օժտված լինել անսպասելի նյարդապաշտպան պոտենցիալով, և որ ամենակարևորն է՝ պահպանել այն նույնիսկ մարսողությունից հետո:

Գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես են խատուտիկի կենսաբանական ակտիվ նյութերը՝ պոլիֆենոլները, իրենց դրսևորում սննդի մարսողության ընթացքում: Սովորաբար համարվում է, որ նման միացությունները մասնակիորեն քայքայվում են ստամոքսում և աղիներում, սակայն արդյունքներն ավելի բարդ են ստացվել. դրանցից մի քանիսը ոչ միայն պահպանվում են, այլև մարսողության որոշակի փուլերում ավելի մատչելի են դառնում օրգանիզմի համար:

Հետազոտողները հատուկ ուշադրություն են դարձրել բույսի երեք մասերին՝ տերևներին, ծաղիկներին և արմատներին: Պարզվել է, որ հենց տերևներն են պարունակում ամենամեծ քանակությամբ պոլիֆենոլներ և ֆլավոնոիդներ՝ միացություններ, որոնք հայտնի են իրենց հակաօքսիդանտային և հակաբորբոքային հատկություններով:

Աշխատանքի առանցքային եզրակացությունը կապված է այս նյութերի ազդեցության հետ այն ֆերմենտների վրա, որոնք մասնակցում են նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացմանը, ինչպիսին է Ալցհեյմերի հիվանդությունը: Խատուտիկից ստացված պոլիֆենոլներն ընդունակ են ճնշել ացետիլխոլինէսթերազի ակտիվությունը. սա մի ֆերմենտ է, որը քայքայում է ացետիլխոլինը՝ հիշողության և կոգնիտիվ ֆունկցիաների համար անհրաժեշտ կարևոր նեյրոմեդիատորը:

Բացի այդ, հետազոտությունը ցույց է տվել, որ խատուտիկի միացությունները ազդում են ուղեղում բորբոքման և օքսիդացիվ սթրեսի հետ կապված այլ մեխանիզմների վրա: Մասնավորապես, դրանք կարող են նվազեցնել լիպօքսիգենազի (նյարդաբորբոքման հետ կապված ֆերմենտ) ակտիվությունը և չեզոքացնել բջիջները վնասող ազոտի ռեակտիվ միացությունները:

Հետաքրքիր է, որ «մոդելավորված մարսողության» ընթացքում մատչելի պոլիֆենոլների պարունակությունը սկզբում նվազել է ստամոքսում, սակայն այնուհետև նորից ավելացել է աղիներում, որտեղ ֆերմենտներն ու լեղաթթուները նպաստում են այդ միացությունների անջատմանը:

Հեղինակներն ընդգծում են, որ չնայած խոստումնալից արդյունքներին, հետազոտությունն իրականացվել է լաբորատոր պայմաններում, ինչը նշանակում է, որ հետագա ուսումնասիրություններ են անհրաժեշտ մարդկանց վրա: Այնուամենայնիվ, ստացված տվյալները մեծացնում են խատուտիկի՝ որպես պոտենցիալ ֆունկցիոնալ սննդամթերքի նկատմամբ հետաքրքրությունը, քանի որ այն ընդունակ է պահպանել ուղեղի առողջությունը և նվազեցնել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ռիսկը: