Մարտի 29-ին ժամացույցի սլաքները կտեղափոխվեն մեկ ժամ առաջ: Մարդկանց մեծամասնությունը մեկ ժամ քիչ կքնի, իսկ հաջորդող օրերին երեկոներն աստիճանաբար կերկարեն:
Անցումն ամառային և ձմեռային ժամանակի տեղի է ունենում տարին երկու անգամ, և չնայած այն չեղարկելու բազմաթիվ փորձերին՝ ամեն գարուն ժամացույցները դեռևս «առաջ են թռչում» մեկ ժամով:
Ժամացույցի սլաքների սեզոնային փոփոխությունը ներդրվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ որպես էներգախնայողության միջոց, իսկ 1970-ականներին այն կրկին վերականգնվել է շատ երկրներում: Սակայն այսօր հետազոտողները զգուշացնում են առողջության վրա դրա ազդեցության մասին, հատկապես՝ ժամացույցի սլաքների գարնանային տեղափոխման դեպքում:
Ժամանակի տեղափոխումը ընդամենը մեկ ժամով կարող է չնչին բան թվալ, սակայն, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները և նշում մասնագետները, հետևանքներն ավելի լուրջ են, քան շատերը կարծում են: Նույնիսկ նման շեղումը խաթարում է մեր ցիրկադային ռիթմը՝ ներքին 24-ժամյա ժամացույցը, որը կարգավորում է քունը, արթուն վիճակը, հորմոնների արտադրությունը և տրամադրությունը:
«Մարդկանց մեծամասնությունն ընդունակ է սովորել և վերակառուցվել մեկ շաբաթվա ընթացքում, բայց մենք գիտենք, որ կան նաև նրանք, ում համար դա շատ ավելի դժվար է ստացվում. նրանց ներքին ժամացույցին կարող են անհրաժեշտ լինել շաբաթներ, կամ նույնիսկ ամիսներ՝ նույնիսկ մեկ ժամվա տարբերությանը հարմարվելու համար», — Euronews Health-ին պատմել է Լոնդոնի թագավորական քոլեջի ցիրկադային ռիթմերն ուսումնասիրող գիտաշխատող Ջեֆրի Կելուն:
Ըստ նրա՝ ներքին ժամացույցի աշխատանքը զգալի չափով պայմանավորված է գենետիկայով, և անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝ հասկանալու համար, թե ինչու է որոշ մարդկանց համար հարմարեցումն ավելի դժվար ստացվում, քան մյուսների մոտ:
Գարնանային ժամանակի փոփոխությունը, քնի խանգարումներից բացի, կապում են նաև ճանապարհատրանսպորտային պատահարների, ինֆարկտների և դեպրեսիվ դրվագների քանակի կարճաժամկետ աճի հետ: Շատերը ուրախ են գարնանային անցման համար. լուսավոր օրն ավելի երկար է տևում, իսկ արևն ավելի ուշ է մայր մտնում:
Սակայն Կելուն զգուշացնում է, որ եթե մարդը մինչև ուշ երեկո մնում է լույսի տակ, օրգանիզմի համար ավելի դժվար է հասկանալ, որ թուլանալու և քնին պատրաստվելու ժամանակն է: «Լույսը ճնշում է մելատոնինի արտադրությունը, ուստի այն հետ է մղում քնելու պահը և կարող է խանգարել մարդկանց քնելուն», — նշում է Կելուն:
Մելատոնինը հորմոն է, որն արտադրվում է էպիֆիզի (կոնաձև գեղձի) կողմից, երբ օրգանիզմը սկսում է պատրաստվել քնին: Մելատոնինի ամենամեծ քանակությունը արտադրվում է մթության մեջ, իսկ լույսի ազդեցությամբ դրա մակարդակը նվազում է:
Ըստ Կելուի՝ քնելուց առաջ ննջասենյակի վարագույրները փակելը և արտաքին լույսն ամբողջությամբ արգելափակելը օգտակար է քնի որակի համար. այդպես օրգանիզմն ազդանշան է ստանում, որ օրն արդեն ավարտվել է:
Երբ ցիրկադային ռիթմերը կայուն են, ներքին ժամացույցը լավ համապատասխանեցված է 24-ժամյա ցիկլին և հստակ ազդանշաններ է տալիս օրգանիզմի հիմնական գործառույթների աշխատանքի համար:
Ավելի արտահայտված ռիթմեր ունեցող մարդիկ, որպես կանոն, պահպանում են քնի և արթուն վիճակի կայուն ռեժիմը, նույնիսկ եթե փոխվում է օրվա գրաֆիկը կամ տարվա եղանակը:
Կենսաբանական ժամացույցի խանգարումները՝ պայմանավորված անկանոն քնով և սննդակարգով, ժամային գոտիների փոփոխությամբ, հերթափոխային աշխատանքային գրաֆիկով կամ գիշերային վառ լուսավորությամբ, կապվում են առողջական բազմաթիվ խնդիրների հետ, ներառյալ՝ ճարպակալման, սիրտ-անոթային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարախտի և զարկերակային հիպերտենզիայի (բարձր ճնշման) առաջացման մեծ ռիսկը:
Վերջերս կատարված հետազոտությունը նաև կապ է հայտնաբերել թույլ արտահայտված ցիրկադային ռիթմերի և թուլամտության միջև:






