Կանոնավոր ճանապարհորդություններն ամրապնդում են սրտանոթային համակարգը, նվազեցնում սթրեսը և բարձրացնում արտադրողականությունը: Դրա մասին մարտի 30-ին գրել է Medical Xpress բժշկագիտական հանդեսը:
«Ճանապարհորդությունն ավելին է, քան սոսկ հիշողություններն ու ուրախությունը: Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ մենք ճանապարհորդում ենք, մեր հարաբերություններն ուրիշների հետ ամրապնդվում են, մենք ավելի կրթված ենք դառնում և ավելի առողջ ենք»,- ասում է Թեքսասի A&M համալսարանի հյուրընկալության կառավարման և զբոսաշրջության ամբիոնի ղեկավարի տեղակալ, պրոֆեսոր Ջեյմս Պետրիկը:
Հետազոտության մեկ փուլի շրջանակում գիտնականները նավարկության ժամանակ հետևել են 20 ուսանողների: Մասնակիցները կրել են «խելացի» ժամացույցներ՝ առողջության մշտադիտարկման հավելվածով. սարքերը հետևել են նրանց սրտի զարկերին, շարժումներին և ակտիվությանը: Ուսանողները նաև ամեն ժամ օրագրեր են լրացրել իրենց զբաղմունքի մասին: Աքսելերոմետրի և գիրոսկոպի (հոլակ) տվյալները նրանց հնարավորություն են տվել իրենց շարժումների օրինաչափությունները համադրել սրտի զարկերի տվյալների հետ:
Հետազոտության տեսական հիմքը սթրեսի ճանաչողական ակտիվացման տեսությունն էր, ըստ որի օրգանիզմի արձագանքը սթրեսին որոշվում է մարդու կյանքի դժվարություններին դիմակայելու ունակությամբ: Ըստ Պետրիկի՝ ճանապարհորդության ազդեցությունը սրտի վրա նման է մարզիկների շրջանում տարածական մարզումների սկզբունքին. նոր փորձառություններն ակտիվացնում են սիրտը, մինչդեռ հանգստի ժամանակահատվածները նրան վերականգնվելու հնարավորություն են ընձեռում: Հենց սթրեսի և թուլացման այդ հերթագայությունն է, որն ամրացնում է սրտամկանը։
Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ արձակուրդի տևողությունը անմիջականորեն ազդում է դրա առողջական օգուտների վրա. երեքօրյա հանգստյան օրերի համեմատ մեկ շաբաթ տևողությամբ ճանապարհորդությունը սթրեսի ավելի կայուն նվազման է հանգեցնում: Ընդսմին, Պետրիկը նշել է, որ ծանոթ միջավայրից երկար ժամանակ հեռու մնալու երկարատև հետևանքները դեռևս հետազոտված չեն։
Ենթադրվում է, որ մի քանի շաբաթ անց տնից բաժանվելու և կուտակված աշխատանքային խնդիրների պատճառով մարդը կարող է սկսել սթրես զգալ: Գիտնականը հույս է հայտնել, որ ապագա հետազոտությունները կօգնեն պարզել արձակուրդի ամենաբարենպաստ տևողությունը:






