Եվրոպական գիրության կոնգրեսում (European Congress on Obesity) ներկայացված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ երեխաների և դեռահասների ենթաստամոքսային գեղձում ճարպի թաքնված կուտակումը կարող է լուրջ մետաբոլիկ ռիսկերի կարևոր վաղ նշան լինել, գրում է news Medical Live Sciences-ը:

Աշխատանքը կատարվել է դանիացի գիտնականների կողմից և դարձել է առաջիններից մեկը, որտեղ մանրամասնորեն ուսումնասիրվում է այսպես կոչված «ճարպոտ ենթաստամոքսային գեղձի» դերը վաղ տարիքում:

Հետազոտությանը մասնակցել է գիրություն ունեցող 7-ից 19 տարեկան 283 երեխա և դեռահաս: Գիտնականները ժամանակակից և անվտանգ մեթոդ են կիրառել՝ մագնիսառեզոնանսային սպեկտրոսկոպիա, որպեսզի ճշգրիտ չափեն ենթաստամոքսային գեղձում, լյարդում և որովայնի խոռոչում ճարպի պարունակությունը։

Արդյունքները հստակ և մտահոգիչ կապ են բացահայտել․

Որքան բարձր է ենթաստամոքսային գեղձի ճարպի մակարդակը, այնքան վատ են նյութափոխանակության առողջության ցուցանիշները։

Մասնավորապես, ճարպի բարձր մակարդակը կապված է եղել հետևյալի հետ.

  • մարմնի զանգվածի ավելի բարձր ինդեքսով
  • գոտկատեղի մեծացած շրջագծով
  • բարձր դիաստոլիկ (ստորին) ճնշմամբ
  • վիսցերալ (ներքին) ճարպի մեծ քանակությամբ
  • ինսուլինակայունության նշաններով (ներառյալ C-պեպտիդի մակարդակը)

Սրանք բոլորը ապագայում սիրտ-անոթային հիվանդությունների և երկրորդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկի հիմնական գործոններն են։

Հետաքրքիր է, որ ոչ բոլոր ցուցանիշներն են կապված եղել ենթաստամոքսային գեղձի ճարպի հետ։ Օրինակ՝ հետազոտությունը զգալի կապ չի հայտնաբերել խոլեստերինի մակարդակի, քաղցած վիճակում գլյուկոզայի քանակի կամ սիստոլիկ (վերին) ճնշման հետ։

Սա փաստում է այն մասին, որ «ճարպոտ ենթաստամոքսային գեղձը» կարող է ռիսկի առանձին և անկախ ցուցանիշ լինել, որը միշտ չէ, որ երևում է ստանդարտ հետազոտությունների ու անալիզների միջոցով։

Հեղինակները ընդգծում են, որ օրգանների ճարպային ներթափանցումը պարզապես ճարպակալման հետևանք չէ, այլ նյութափոխանակության վրա ազդող պոտենցիալ ակտիվ գործոն։

Վաղ ախտորոշումը հատկապես կարևոր է։ Հետազոտողների կարծիքով, ենթաստամոքսային գեղձի ճարպի չափումը կարող է օգնել բացահայտել այն երեխաներին, որոնք ավելի ինտենսիվ բուժման և հսկողության կարիք ունեն։