Գիտնականները անսպասելի էֆեկտ են հայտնաբերել. ինսուլտից հետո ուղեղի որոշ հատվածներ կարող են ավելի «երիտասարդ» երևալ, քան պետք է լինեին ըստ տարիքի: Սա կարող է արտացոլել ուղեղի՝ վերակառուցվելու և վնասվածքները փոխհատուցելու ունակությունը: Աշխատությունը հրապարակվել է The Lancet Digital Health ամսագրում:
Հետազոտողները վերլուծել են ութ երկրների 34 գիտական կենտրոնների ավելի քան 500 ինսուլտ տարած պացիենտների ՄՌՏ տվյալները: Արհեստական բանականության մեթոդների օգնությամբ նրանք գնահատել են այսպես կոչված «ուղեղի տարիքը»՝ հյուսվածքների վիճակն արտացոլող ցուցանիշը: Դրա համար օգտագործվել է մոդել, որն ընդունակ է վերլուծել ուղեղի 18 տարբեր տիրույթներ և համեմատել դրանց կենսաբանական տարիքը իրական տարիքի հետ:
Արդյունքները պարադոքսալ են եղել։ Վնասված կիսագնդում ինսուլտն արագացրել է հյուսվածքների «ծերացումը», սակայն հակառակ կողմում, ընդհակառակը, նկատվել է «երիտասարդացման» էֆեկտ։
«Սա կարող է նշանակել, որ ուղեղն ակտիվորեն վերակառուցվում է՝ ուժեղացնելով չվնասված ցանցերի աշխատանքը»,- պարզաբանել է հետազոտության համահեղինակ Հոսունգ Կիմը։
Հատկապես արտահայտված էֆեկտ է նկատվել ճակատագագաթային ցանցում՝ այն տիրույթում, որը պատասխանատու է շարժումների պլանավորման, ուշադրության և կոորդինացիայի համար։ Շարժողական ծանր խանգարումներ ունեցող պացիենտների մոտ հենց այդ գոտիներն են ավելի «երիտասարդ» պրոֆիլ դրսևորել։
Գիտնականների խոսքով՝ սա չի նշանակում ֆունկցիաների լիարժեք վերականգնում, այլ ավելի շուտ մատնանշում է փոխհատուցող մեխանիզմների մասին. ուղեղը փորձում է վերաբաշխել ծանրաբեռնվածությունը, երբ վնասված հատվածները չեն հաղթահարում այն: Այս հայտնագործության մեջ առանցքային դեր է խաղացել արհեստական բանականությունը՝ գրաֆային նեյրոցանցը, որը վարժեցվել է տասնյակ հազարավոր ՄՌՏ սկանավորումների վրա: Նման մոտեցումը թույլ է տվել բացահայտել նուրբ փոփոխություններ, որոնք հնարավոր չէ նկատել ստանդարտ վերլուծության ժամանակ:
Նախագծի ղեկավար Արթուր Տոգան նշել է, որ ամբողջ աշխարհից ստացված տվյալների համադրումն օգնել է տեսնել այնպիսի օրինաչափություններ, որոնք հասանելի չեն փոքրածավալ հետազոտություններում:
Հետագայում գիտնականները ծրագրում են հետևել պացիենտներին վերականգնման տարբեր փուլերում: Սա կարող է հանգեցնել վերականգնողական անհատականացված ծրագրերի ստեղծմանը, որոնք հաշվի կառնեն ուղեղի վերակառուցման անհատական առանձնահատկությունները:






