Ցինցինատիի համալսարանի գիտնականները պարզել են, որ լնդերի հիվանդությունը (պարոդոնտիտ, գինգիվիտ) ի վիճակի է վատթարացնել խրոնիկական երիկամային հիվանդությունից (ՔԵՀ) տառապող բուժառուների վիճակը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMC Nephrology բժշկագիտական հանդեսում:
Գիտնականները նշում են, որ լնդերի հիվանդությունը և խրոնիկական երիկամային հիվանդությունն նմանատիպ զարգացման մեխանիզմներ ունեն: Երկու վիճակներն էլ կապված են խրոնիկական բորբոքման, իմունային համակարգի խանգարումների և մանրէաբանական անհավասարակշռության հետ:
Գինգիվիտի զարգացումը կապված է լնդերի ակոսում բակտերիալ վահանիկի կուտակման հետ: Բակտերիաների արտազատած տոքսիններն ու ֆերմենտները բորբոքային ռեակցիա են առաջացնում ոչ միայն լնդերի մակերեսային շերտերում, այլև ամբողջ օրգանզիմում, ինչը բացասաբար է անդրադառնում երիկամների աշշխատանքի վրա: Գինգիվիտը վերածվում է պարոդոնտիտի, երբ բորբոքային գործընթացն ավելի խորն է թափանցում պարոդոնտալ հյուսվածքների մեջ:
Գիտնականների կարծիքով, խրոնիկական երիկամային հիվանդությունից և լնդերի հիվանդությունից տառապողներն ավելի հաճախ են ունենում այլ լուրջ առողջական խնդիրներ, մասնավորապես՝ շաքարախտ և հիպերտոնիա: Բազմակի խրոնիկական հիվանդությունների առկայությունը բարդացնում է բուժումը և մեծացնում հոսպիտալացման վտանգը:
«Ստոմատոլոգիական հսկողությունը հատկապես կարևոր է ծանր երիկամային խրոնիկական հիվանդությունից տառապող մարդկանց, մասնավորապես՝ դիալիզ անցնողների կամ երիկամի փոխպատվաստման սպասողների համար: Բերանի խոռոչի վարակները կարող են բարդացնել վիրահատության նախապատրաստումը և ազդել դրա արդյունքի վրա»,- պարզաբանել են գիտնականները:
Հետազոտողներն ընդգծում են, որ ատամնաբուժական կանոնավոր ստուգումները և լնդերի հիվանդության ժամանակին բուժումը կարող են նվազեցնել բարդությունների ռիսկը և բարելավել բուժառուների ընդհանուր առողջությունը:
Հետազոտության հեղինակների կարծիքով՝ ատամնաբուժական խնամքը պետք է լինի խրոնիկական երիկամային հիվանդությունից տառապող մարդկանց համալիր բուժման մաս: Ստոմատոլոգիայի և նեֆրոլոգիայի ինտեգրումը կարող է օգնել նվազեցնել բորբոքումը օրգանիզմում և բարելավել բուժառուների հաջող փոխպատվաստման և առողջ վերականգնման հնարավորությունները:






