Օքսֆորդի համալսարանի (University of Oxford) գիտնականները մշակել են արհեստական բանականության վրա հիմնված գործիք, որն ընդունակ է բացահայտել սրտային անբավարարության զարգացման ռիսկը դրա ի հայտ գալուց հինգ տարի առաջ։

Սրտային անբավարարությունն ախտահարում է ավելի քան 60 միլիոն մարդու ամբողջ աշխարհում և առաջանում է այն ժամանակ, երբ սիրտը չի կարողանում արդյունավետ կերպով մղել արյունը։ Հիվանդության վաղ հայտնաբերումը կարող է զգալիորեն բարելավել կանխատեսումը՝ թույլ տալով բժիշկներին նախապես սկսել բուժումը կամ նույնիսկ կանխել դրա զարգացումը։

Նոր համակարգը վերլուծում է սրտի շուրջ գտնվող ճարպային հյուսվածքի հազիվ նկատելի փոփոխությունները՝ բացահայտելով բորբոքումներն ու վնասվածքները, որոնք հնարավոր չէ տեսնել անզեն աչքով։ Մինչ օրս սրտի սովորական համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ) թույլ չէր տալիս ճշգրիտ կանխատեսել հիվանդության զարգացման ռիսկը։

Այս գործիքի օգնությամբ բժիշկները ստանում են յուրաքանչյուր պացիենտի ռիսկի անհատական գնահատականը, ինչը օգնում է որոշումներ կայացնել հետագա հսկողության և բուժման վերաբերյալ։

Ըստ հետազոտության՝ ամենաբարձր ռիսկ ունեցող պացիենտների մոտ սրտային անբավարարության զարգացման հավանականությունը 20 անգամ ավելի մեծ էր, քան ցածր ռիսկային խմբի պացիենտների մոտ, իսկ հինգ տարվա ընթացքում հիվանդանալու հավանականությունը կազմում էր մոտ 25%։

Մոդելը վերապատրաստվել և փորձարկվել է Անգլիայի NHS-ի (Առողջապահության ազգային ծառայություն) ինը կենտրոնների 72 հազար պացիենտների տվյալների հիման վրա՝ 10 տարվա դիտարկմամբ։ Կանխատեսման ճշգրտությունը կազմել է 86%։ Արդյունքները հրապարակվել են Journal of the American College of Cardiology ամսագրում։

Հետազոտությունը ղեկավարել է պրոֆեսոր Խարալամբոս Անտոնիադեսը, ով նշել է, որ տեխնոլոգիան նոր հնարավորություններ է բացում սրտային անբավարարության կանխարգելման և բուժման գործում։ Այժմ թիմն աշխատում է մեթոդի կիրառումը կրծքավանդակի ցանկացած ԿՏ հետազոտության վրա տարածելու ուղղությամբ։

Գիտնականները ծրագրում են ստանալ կարգավորող մարմինների հավանությունը և ներդնել գործիքը առողջապահական համակարգերում, ներառյալ National Health Service-ը։

Ըստ British Heart Foundation-ի սրտաբան Սոնյա Բաբու Նարայանի՝ սրտային անբավարարությունը հաճախ ախտորոշվում է շատ ուշ, երբ սրտի վնասվածքն արդեն լուրջ է։ Վաղ հայտնաբերումը, նրա խոսքով, պացիենտներին ավելի մեծ հնարավորություն է տալիս երկար և առողջ կյանք վարելու համար։

Փորձագետները նաև հիշեցնում են, որ սրտի առողջության պահպանման համար կարևոր է ճիշտ սնվելը, ֆիզիկապես ակտիվ լինելը, նորմալ քաշ պահպանելը, ծխելուց հրաժարվելը, ալկոհոլի օգտագործումը սահմանափակելը և զարկերակային ճնշումը վերահսկելը։