Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ միկրոպլաստիկն արդեն դարձել է մեր առօրյայի անբաժան մասը, իսկ դրա ազդեցությունը մարդու վրա կարող է սկսվել դեռևս մինչև ծնվելը։

Plastic Soup Foundation և Flotilla Foundation կազմակերպությունների աջակցությամբ պատրաստված զեկույցում նշվում է, որ մարդիկ թե՛ ներսում, թե՛ դրսում մշտապես շփվում են միկրոպլաստիկի հետ, որը ներթափանցում է մեր կյանք ամենաանսպասելի աղբյուրներից։

Հեղինակներն ընդգծում են՝ պլաստիկով աղտոտվածությունը պետք է դիտարկել ոչ միայն որպես բնապահպանական խնդիր, այլև որպես համակարգային ճգնաժամ, որն ազդում է ողջ ժամանակակից հասարակության վրա։

Հետազոտության եզրակացությունների համաձայն՝ միկրոպլաստիկը տարատարած է ամենուր․ այն հաճախ անտեսանելի և օժտված բարդ քիմիական խառնուրդներ տեղափոխելու հատկությամբ։ Այն առկա է առօրյա կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, իսկ դրա ազդեցությունը մարդու վրա սկսվում է դեռևս ներարգանդային շրջանում։

Ավելի քան 350 գրախոսվող գիտական աշխատությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ միկրոպլաստիկի զգալի արտանետումներ են տեղի ունենում հինգ հիմնական ուղղություններով՝ սննդամթերք և դրա հետ կապված աղբյուրներ, փակ տարածքներ, արտաքին միջավայր ու հանգստի գոտիներ, մանկական ապրանքներ, ինչպես նաև անձնական հիգիենայի պարագաներ ու բժշկական նշանակության իրեր։

Զեկույցում մասնավորապես նշվում է, որ բժշկական միջամտություններն ու սարքավորումները կարող են ակամա պատճառ դառնալ հիվանդների օրգանիզմում միկրոպլաստիկի ներթափանցման համար։ Վիրահատարանների օդում մասնիկների քանակը մեկ հերթափոխի ընթացքում կարող է հասնել մինչև 9258-ի՝ մեկ քառակուսի մետրի հաշվարկով։ Վտանգավոր աղբյուրների թվում են սրտի կաթետերները, սիլիկոնե կրծքագեղձի իմպլանտները, օրթոպեդիկ պրոթեզներն ու ներերակային լուծույթները։

Նաև ընդգծվում է, որ նորածնային բաժանմունքներում ներերակային սնուցում ստացող անհաս երեխաները միայն ինֆուզիոն համակարգերի միջոցով 72 ժամվա ընթացքում կարող են ստանալ մինչև 115 միկրոպլաստիկ մասնիկ:

Բացի այդ, զգալի աղբյուր են համարվում մանկական ապրանքները, օրինակ՝ կոնստրուկտորներն ու խաղագորգերը։ Անգամ սենյակների սովորական ներկը նշվում է որպես միկրոպլաստիկի տարածման ևս մեկ անսպասելի ուղի։