Խոշոր վերլուծությունը ցույց է տվել, որ ինչպես չափազանց կարճ, այնպես էլ չափազանց երկար քունը, ինչպես նաև երկարատև նստած դիրքը կարող են զգալիորեն մեծացնել դեմենցիայի զարգացման վտանգը: Արդյունքներն ընդգծում են ֆիզիկական ակտիվության, քնի և նստակյաց դիրքում ժամանակի միջև հավասարակշռության կարևորությունն ուղեղի առողջության համար:

Աշխարհում ավելի քան 55 միլիոն մարդ տառապում է դեմենցիայից, և առ այսօր արդյունավետ բուժում գոյություն չունի, հետևաբար կանխարգելիչ միջոցառումները առնաձնապես կարևոր նշանակություն են ձեռք բերում: Գիտնականները նշում են, որ փոփոխվող կենսակերպի գործոնները, մասնավորապես՝ ակտիվության մակարդակը, նստելու ժամանակը և քնի տևողությունը, վտանգը նվազեցնելու առանցքային ոլորտներից են:

Հետազոտությունը համախմբել է 35 տարեկանից բարձր մարդկանց մասնակցությամբ նախորդ 69 հետազոտությունների տվյալները: Պարզվել է, որ կանոնավոր ֆիզիկական ակտիվության շնորհիվ դեմենցիայի առաջացման վտանգը միջինում նվազում է 25%-ով, հաստատելով դրա կարևոր դերը ուղեղի առողջության պահպանման գործում:

Քնի տևողությունը ևս նշանակալի գործոն է դարձել: Գիշերը 7 ժամից պակաս քնելը դեմենցիայի առաջացման վտանգը մեծացնում է 18%-ով, այն դեպքում, երբ 8 ​​ժամից ավելի քնելը այդ վտանգը մեծացնում է 28%-ով: Սա մատնանշում է, որ խորհուրդ տրվող 7-8 ժամյա միջակայքից կանոնավոր շեղումները ճանաչողական առողջության համար կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ։

Նստակյաց ապրելակերպը ևս կարևոր դեր է խաղում։ Օրական 8 ժամից ավելի նստած մնալը դեմենցիայի առաջացման վտանգը մեծացնում է 27%-ով։ Գիտնականները նշում են, որ երկարատև, անխափան նստած մնալը կարող է բացասաբար ազդել ուղեղի վրա նույնիսկ ֆիզիկապես ակտիվ մարդկանց շրջանում։

Մասնագետներն ընդգծում են, որ երկարատև նստած մնալը դադարեցնելը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելը և քնի գրաֆիկը պահպանելը ճանաչողական առողջությունը պահպանելու պարզ և անվտանգ ռազմավարություններ են։ Սակայն, քանի որ արդյունքները հիմնված են դիտարկման տվյալների վրա, պատճառահետևանքային կապը հաստատելու համար լրացուցիչ հետազոտություններ են պահանջում։

Ընդհանուր առմամբ, հետազոտությունը ենթադրում է, որ կենսակերպի փոքր, բայց կանոնավոր փոփոխությունները, մասնավորապես՝ շարժման ավելացումը, քնի բարելավումը և նստած մնալու ժամանակի կրճատումը, երկարաժամկետ հեռանկարում դեմենցիայի առաջացման վտանգի նվազեցման գործում կարող են առանցքային դեր խաղալ։