APOE4 գենի տարբերակի առկայությունը կարող է փոխել նեյրոնների գործառույթը Ալցհեյմերի հիվանդության ախտանիշների ի հայտ գալուց շատ առաջ։ Այս եզրակացությանն են հանգել Գլադսթոունի նյարդաբանական հիվանդությունների ինստիտուտի գիտնականները։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Aging ամսագրում։
Հայտնի է, որ APOE4-ի մեկ կամ երկու պատճենները զգալիորեն մեծացնում են հիվանդության առաջացման ռիսկը։ Սակայն մինչ օրս պարզ չէր, թե ինչ գործընթացներ են ակտիվանում ուղեղում վաղ փուլերում։
Հետազոտողներն ուսումնասիրել են այս գենն ունեցող երիտասարդ մկների ուղեղը եւ հայտնաբերել փոփոխություններ հիպոկամպում՝ հիշողության համար պատասխանատու հատվածում։ Այս հատվածի նեյրոնները ավելի փոքր էին եւ ավելի ակտիվ, քան նորմալ պարագայում։ Այս գերակտիվությունը բջիջներն ավելի գրգռվող է դարձնում եւ խաթարում է նյարդային շղթաները։
«Որքան մեզ հայտնի է, սա առաջին հետազոտությունն է, որն անմիջականորեն ցույց է տալիս, թե ինչպես է APOE4-ը ազդում նեյրոնների ֆունկցիայի վրա տարբեր տարիքում»,- ասել է ոհետազոտության ավագ հեղինակ, նեյրոկենսաբան Միշա Զիլբերտերը։
Վաղ փուլերում կենդանիները պահպանել են նորմալ հիշողություն եւ սովորելու ունակություն։ Սակայն հայտնաբերված փոփոխությունները կանխատեսել են կոգնիտիվ խանգարումների զարգացումը կյանքի ուշ շրջանում։
Գիտնականները նաեւ համեմատել են APOE4 եւ APOE3 տարբերակ ունեցող մկներին, որը կապված է հիվանդության ավելի ցածր ռիսկի հետ։ Պարզվել է, որ APOE3 կրողների նեյրոնները նույնպես ավելի ակտիվ են դարձել, բայց միայն ծերության շրջանում եւ առանց էական կոգնիտիվ խանգարումների։
Nell2 սպիտակուցը կարեւոր դեր է խաղացել դիտարկված փոփոխություններում։ Դրա մակարդակը զգալիորեն բարձրացել է APOE4-դրական մկների նեյրոններում։ Հետազոտողները կարծում են, որ այդ սպիտակուցը կարող է առաջացնել ուղեղի վաղաժամ փոփոխություններ։
Երբ գիտնականները ճնշել են Nell2-ի արտադրությունը, նեյրոնները վերականգնվել են՝ վերադառնալով նորմալ չափի եւ ակտիվության։
«Հատկապես կարեւոր է, որ մենք կարողացանք հակադարձել հիվանդության դրսեւորումներին չափահաս մկների մոտ՝ նվազեցնելով այդ սպիտակուցի մակարդակը»,- նշել է նեյրոկենսաբան Յադուն Հուանը: «Սա նշանակում է, որ վնասը կարող է շրջելի լինել, եւ միջամտության հնարավորություն կա նույնիսկ պաթոլոգիական գործընթացների սկսվելուց հետո»։
Ավելի վաղ Nell2-ի բարձր մակարդակներ հայտնաբերվել են Ալցհեյմերի հիվանդությամբ հիվանդների ուղեղում, բայց առաջին անգամ է, որ այդ սպիտակուցը ուղղակիորեն կապված է APOE4-ի գործողության հետ։
Հետազոտողների գնահատմամբ՝ այս գենի տարբերակը կրողները կազմում են հիվանդության դեպքերի մինչեւ 75 տոկոսը, ինչը դրա մեխանիզմների ուսումնասիրությունը դարձնում է ժամանակակից նեյրոկենսաբանության հիմնական ոլորտ։
Հեղինակները կարծում են, որ իրենց արդյունքները կարող են հիմք հանդիսանալ վաղ թերապիայի նոր մոտեցումների համար, որոնք ուղղված են կոգնիտիվ անկման կանխարգելմանը մինչեւ առաջին ախտանիշների ի հայտ գալը։






