Արհեստական բանականության (ԱԲ) նոր համակարգը կարող է զգալիորեն բարելավել թոքերի քաղցկեղի վաղ ախտորոշումը՝ համակարգչային տոմոգրաֆիայի պատկերների առավել կատարելագործված վերլուծության շնոհրիվ: Մոդելը կիրառում է երկմասշտաբ մոտեցում, ինչը թույլ է տալիս միաժամանակ գնահատել ինչպես մանր դետալները, այնպես էլ ընդհանուր անատոմիական պատկերը։ Սա նման է բժիշկների աշխատանքի մեթոդին, սակայն՝ առանց դիտարկման տարբեր ռեժիմների միջև անընդհատ փոխարկվելու անհրաժեշտության:
Հետազոտողները մոդելը վարժեցրել են առողջ մարդկանց և թոքերի քաղցկեղով հիվանդների լուսանկարների հիման վրա: Դրա շնորհիվ համակարգը սովորել է տարբերակել առողջ հյուսվածքները, բարորակ փոփոխությունները և չարորակ ուռուցքները:
Այս մեթոդն առանձնապես արդյունավետ է քաղցկեղի հայտնաբերման վաղ փուլերում, երբ ուռուցքները փոքր չափսեր ունեն և դժվար տեսանելի են: Մոդելի ճշգրտությունը գերազանցել է 96%-ը, ինչը զգալիորեն բարձր է գոյություն ունեցող մեթոդների համեմատ, ընդ որում՝ արդյունքները կայուն են մնացել տարբեր թեստավորումների ժամանակ:
Վաղ ախտորոշումը չափազանց կարևոր է. թոքերի քաղցկեղի դեպքում ապրելիության մակարդակը կարող է 10%-ից (ուշ փուլերում) բարձրանալ մինչև ավելի քան 90%, եթե հիվանդությունը հայտնաբերվի վաղ շրջանում: Այնուամենայնիվ, ՀՏ-պատկերների վերլուծությունը մնում է բարդ խնդիր՝ ուռուցքների հազիվ նկատելի նշանների և մեկնաբանման հնարավոր սխալների պատճառով:
Այս խնդիրը լուծելու համար Կաունասի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները մշակել են ԱԲ համակարգ, որը մեկ միասնական գործընթացում համատեղում է թոքերի մանր դետալների և ընդհանուր կառուցվածքի վերլուծությունը: Սա թույլ է տալիս կրճատել ախտորոշման ժամանակը և նվազեցնել կարևոր փոփոխությունները բաց թողնելու ռիսկը:
Համակարգն ընդունակ է հայտնաբերել փոքր հանգույցները և միաժամանակ գնահատել դրանց տեղակայումն ու նշանակությունը ողջ օրգանի համատեքստում: Փորձագետները սա համեմատում են պատկերը միաժամանակ «մոտիկից» և «ամբողջությամբ» տեսնելու հնարավորության հետ:
Չնայած հուսադրող արդյունքներին, տեխնոլոգիան դեռևս լրացուցիչ ստուգումների կարիք ունի՝ նախքան կլինիկական պրակտիկայում ներդրվելը: Գիտնականներն ընդգծում են պացիենտների ավելի մեծ և բազմազան ընտրանքների վրա թեստավորումներ անցկացնելու անհրաժեշտությունը:
Հեռանկարում նման համակարգը կարող է օգնել բժիշկներին բարձրացնել ախտորոշման ճշգրտությունը, արագացնել պատկերների վերլուծությունը և նվազեցնել կեղծ տագնապների քանակը: Ընդ որում, այն չի փոխարինելու մասնագետներին, այլ կիրառվելու է որպես օժանդակ գործիք՝ որոշումների կայացման համար:
Ենթադրվում է նաև, որ ԱԲ նմանատիպ մոտեցումները կարող են կիրառվել բժշկական վիզուալիզացիայի այլ ոլորտներում ևս, ներառյալ՝ ուղեղի ուռուցքների, կրծքագեղձի քաղցկեղի և աչքի հիվանդությունների ախտորոշումը:






