Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ արյան անալիզը կարող է օգնել ոչ միայն վաղ փուլում հայտնաբերել Ալցհայմերի հիվանդությունը, այլև մոտավորապես գնահատել, թե քանի տարի անց մարդու մոտ կսկսեն դրսևորվել ախտանիշները։ Աշխատությունը հրապարակվել է Nature Medicine գիտական ամսագրում:
Գիտնականների ուշադրության կենտրոնում է հայտնվել p-tau217 բիոմարկերը՝ տաու-սպիտակուցի մի ձև, որը կապված է ուղեղում Ալցհայմերի հիվանդությանը բնորոշ ախտաբանական փոփոխությունների կուտակման հետ: Հետազոտողները պարզել են, որ արյան մեջ այս սպիտակուցի մակարդակը սկսում է աճել կլինիկական նշանների (օրինակ՝ հիշողության և կոգնիտիվ ֆունկցիաների վատթարացում) հայտնվելուց դեռ շատ առաջ:
Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ p-tau217-ի փոփոխության դինամիկան բավականին կանխատեսելի է: Բազմամյա դիտարկումների հիման վրա գիտնականները կարողացել են ստեղծել մոդել, որը կապում է այս բիոմարկերի մակարդակը պացիենտի տարիքի հետ և թույլ է տալիս գնահատել ախտանիշների սկզբին նախորդող ժամանակահատվածը: Խոսքը ոչ թե պարզապես հիվանդության ռիսկի, այլ դրա դրսևորման մոտավոր ժամկետը որոշելու փորձի մասին է:
Ընդ որում, հիվանդության զարգացման արագությունը միատեսակ չի եղել։ Եթե ախտաբանական փոփոխությունները ֆիքսվում են ավելի վաղ տարիքում, գործընթացը կարող է զարգանալ ավելի դանդաղ և ձգվել տարիներ կամ նույնիսկ տասնամյակներ: Ավելի ուշ տարիքում, ընդհակառակը, ախտանիշների անցումը տեղի է ունենում ավելի արագ:
Հետազոտությունը նաև ընդգծում է, որ Ալցհայմերի հիվանդությունը սկսվում է դեռ շատ ավելի վաղ, քան այն հնարավոր է լինում ախտորոշել կլինիկորեն: Սա բացատրում է, թե ինչու են բուժման ժամանակակից շատ մեթոդներ ավելի քիչ արդյունավետ լինում. ախտանիշների հայտնվելու պահին ուղեղում փոփոխություններն արդեն զգալի են լինում:
Աշխատության հեղինակները կարծում են, որ նմանատիպ թեստերը կարող են փոխել ախտորոշման և բուժման նկատմամբ մոտեցումը: Հիվանդությունը նախապես կանխորոշելու հնարավորությունը հեռանկարներ է բացում ավելի վաղ միջամտության և նոր դեղամիջոցների կլինիկական փորձարկումների համար։
Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ մեթոդը դեռ պատրաստ չէ զանգվածային կիրառման համար: Այն պահանջում է լրացուցիչ ստուգում պացիենտների ավելի լայն խմբերի վրա և ստանդարտացում՝ նախքան կլինիկական պրակտիկայում ներդրվելը:






