Ամբողջական լոլիկի հիմքով պատրաստված սննդային հավելումն ընդունակ է նվազեցնել լյարդում կուտակված ճարպը և արգելակել նյութափոխանակությամբ պայմանավորված ճարպային հիվանդության հետ կապված բորբոքային գործընթացները։ Նման եզրահանգման է եկել Իտալիայի Բրեշիայի համալսարանի հետազոտական խումբը։ Աշխատանքի արդյունքներով հեղինակները կիսվել են Journal of Translational Medicine (JTM) ամսագրում:

Մասնագետներն իրենց նոր ուսումնասիրությունը նվիրել են լյարդի բջիջների վրա հակաօքսիդանտներով հարստացված լոլիկի հավելումների ազդեցությանը։ Ինչպես հաղորդում է Planet Today-ը, պարզվել է, որ այն իջեցնում է բջիջներում կուտակվող լիպիդների, այդ թվում՝ տրիգլիցերիդների և խոլեստերինի էսթերների մակարդակը։ Նվազել է նաև բջիջների վնասման և բորբոքումների զարգացման հետ կապված նյութերի կոնցենտրացիան։

Բացի այդ, հավելումն արգելակել է այն սպիտակուցների ֆունկցիոնալությունը, որոնք նպաստում են հիվանդության զարգացմանը։ Խոսքը բորբոքումների, բջիջների մահվան և ֆիբրոզի առաջացման հետ կապված ազդանշանային մոլեկուլների մասին է. գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել լյարդի ցիռոզի և ուռուցքային հիվանդությունների:

Այս արդյունքը պայմանավորված է ոչ թե մեկ միացությամբ, այլ լոլիկի մեջ պարունակվող նյութերի համալիրով, ներառյալ՝ լիկոպինը և պոլիֆենոլները։ Համակցված տարբերակով դրանք միաժամանակ ներազդում են հիվանդության զարգացման մի քանի մեխանիզմների վրա և շատ ավելի արդյունավետ ձևով են գործում, քան առանձին-առանձին։