Նոր հետազոտությունը ցույց է տալիս, թե ինչպես են վիզուալացման նոր մեոդթները թույլ տալիս տառացիորեն «նայել» հենց ուռուցքի «ներսը» եւ հետեւել քաղցկեղային բջիջների վարքագծին աննախադեպ ճշգրտությամբ։
Աշխատանքը հրապարակվել է Nature Methods ամսագրում։
Գիտնականները մշակել եւ կիրառել են վիզուալացման նոր գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս հետեւել, թե ինչպես են առանձին քաղցկեղային բջիջներ փոխգործակցում շրջակա միջավայրի հետ ուռուցքի ներսում։ Դա կարեւոր է, քանի որ ուռուցքը պարզապես միանման բջիջների կուտակում չէ, այլ բարդ էկոհամակարգ, որտեղ բջիջները կարող են իրենց պահել տարբեր կերպ եւ անգամ մրցակցել միմյանց հետ։
Այդ տեխնոլոգիաների օգնությամբ հետազոտողները կարողացել են տեսնել, թե ինչպես են բջիջները տեղաշարժվում, փոխում իրենց ակտիվությունը եւ արձագանքում արտաքին ազդանշաններին։ Հատկապես կարեւոր է, որ նման մեթոդները թույլ են տալիս ֆիքսել տարբերությունները բջիջների միջեւ նույն ուռուցքում, օրինակ, թե դրանցից որոնք են ավելի ակտիվ կամ դիմակայուն բուժման հանդեպ։
Աշխատանքի կարեւոր եզրահանգումներից մեկը ուռուցքների զգալի անմիասեռությունն է։ Անգամ նույն նորագոյացության մեջ կարող են գոյություն ունենալ բջիջների տարբեր տեսակներ, որոնք տարբերվում են վարքագծով եւ թերապիայի հանդեպ զգայունությամբ։ Դա մասամբ բացատրում է, թե ինչու բուժման որոշ մեթոդներ չեն աշխատում բոլոր պացիենտների դեպքում կամ ժամանակի ընթացքում դադարում են արդյունավետ լինել։
Վիզուալացման նոր գործքները օգնում են նաեւ հասկանալ մետաստազավորման (պրոցես, որի դեպքում քաղցկեղային բջիջները տարածվում են օրգանիզմում) մեխանիզմները։ Հետեւելով բջիջների շարժին՝ գիտնականներն ավելի ստույգ պատկերացում են ստանում այն մասին, թե որ բջիջները կարող են հեռանալ նախնական ուռուցքից եւ ձեւավորել երկրորդային օջախներ։
Հետագայում այս տեխնոլոգիաները կարող են էապես ազդել քաղցկեղի բուժման վրա։ Բջիջների վարքագծի առավել մանրամասն ընկալումը թույլ կտա մշակել թերապիայի անհատական մոտեցումներ՝ բուժումն ընտրելով պացիենտի ուռուցքի կոնկրետ կառուցվածքի հաշվառմամբ։






