Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սննդի կալորիականության չափավոր նվազեցումը կարող է դանդաղեցնել ծերացման պրոցեսները և միաժամանակ չվնասել առողջությանը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Aging ամսագրում։
Ավելի վաղ կենդանիների (մկների, պրիմատների) վրա կատարված փորձերը արդեն ցույց են տվել, որ կալորիաների սահմանափակումը կարող է ավելացնել կյանքի տեւողությունը եւ իջեցնել հիվանդությունների ռիսկը։ Սակայն սննդի չափից ավելի կրճատման դեպքում առաջ են գալիս լուրջ կողմնակի ազդեցություններ՝ իմունիտետի թուլացում, վերարտադրողական ֆունկցիայի նվազում եւ աճի դանդաղում։
Նոր հետազոտությունում գիտնականները կենտրոնացել են ավելի մեղմ մոտեցման վրա։ Երկարատեւ կլինիկական փորձի շրջանակում մասնակիցները նվազեցրել են սննդաբաժնի կալորիականությունը մոտ 11-14 տոկոսով երկու տարվա ընթացքում՝ առանց քաղցը սրելու եւ սննդարար նյութերի անբավարարության։
Արդյունքները ցույց են տվել, որ նման չափավոր սննդակարգը դրական է ազդել իմունային համակարգի վրա։ Մասնավորապես, հետազոտողները հայտնաբերել են C3 սպիտակուցի՝ իմունային համակարգի քրոնիկական բորբոքման հետ կապված բաղադրիչի մակարդակի նվազում։ Հենց քրոնիկական բորբոքումն է համարվում ծերացման եւ տարիքային հիվանդությունների առաջացման կարեւոր գործոններից մեկը։
Այդ սպիտակուցի ակտիվության նվազեցումը կարող է նշանակել, որ օրգանիզմն անցնում է աշխատանքի ավելի «առողջ» ռեժիմի՝ նվազեցնելով բորբոքային պրոցեսները, չվնասելով վարակներից պաշտպանությանը։ Այսպիսով, խոսքը ոչ թե պարզապես քաշի նվազման մասին է, այլ ավելի խոր կենսաբանական էֆեկտի, որն ազդում է ծերացման մեխանիզմի վրա։
Գիտնականներն ընդգծել են, որ արդյունքները հաստատում են հետեւյալ կարեւոր գաղափարը. ծերացումը ոչ թե անխուսափելի եւ անփոփոխ պրոցես է, այլ համակարգ, որի վրա կարելի է ազդել։ Սակայն նրանք նաեւ նշել են, որ կարեւոր գործոնը հենց չափավորությունն է։ Կալորիաների խիստ սահմանափակումը կարող է վնասակար լինել, մինչդեռ չափավոր նվազեցումը՝ օգտակար եւ անվտանգ։






