Սարատովի պետական բժշկական համալսարանի գիտնականները մշակել են վաղ փուլում միզաքարային հիվանդության հայտնաբերման նոր մեթոդ։ Մեթոդը հիմնված է այն գեների մուտացիաների որոնման վրա, որոնք կարգավորում են միզարտադրողական համակարգում կալցիումի և ֆոսֆորի կուտակման մակարդակը։
Ըստ Սարատովի պետական բժշկական համալսարանի Մոլեկուլային-գենետիկական և բջջային տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Տիմոֆեյ Պիլաևի՝ միզաքարային հիվանդության նկատմամբ հակվածությունը 45–60 տոկոսով պայմանավորված է գենետիկական գործոններով, փոխանցում է РИА Новости-ն։
Քարերի առաջացմանը, որոնք հիմնականում բաղկացած են կալցիումի և ֆոսֆորի միացություններից, նպաստում են գեների որոշակի տարբերակներ։ Եթե նախապես իմանաք ձեր հակվածության մասին, կարելի է փոխել ապրելակերպը և խուսափել հիվանդությունից։
Միզաքարային հիվանդությունը հանդիպում է Երկրի բնակչության 10–15 տոկոսի մոտ։ Դինամիկան նույնպես մտահոգիչ է. վերջին 30 տարվա ընթացքում աշխարհում այս ախտորոշմամբ հիվանդների թիվն ավելի քան կրկնապատկվել է։
Բացի այդ, առաջին անգամ հիվանդացած մարդկանց 50 տոկոսի մոտ տասը տարվա ընթացքում հիվանդությունը կրկնվում է։
Հետազոտողները մշակել են համակարգ, որը բացահայտում է միզաքարային հիվանդության նկատմամբ գենետիկական հակվածությունը։ Հիմքում հինգ գեներում (CALCR, CaSR, Klotho, SPP1, VDR) կետային մուտացիաների որոնումն է։
Մուտացիաների հավաքածուն հատուկ ընտրված է Ռուսաստանի բնակչության համար։ Ախտորոշման համար կիրառվում է նույն մեթոդը, որն օգտագործվել է COVID-19-ի գենոմի հայտնաբերման համար՝ իրական ժամանակում պոլիմերազային շղթայական ռեակցիան (ՊՇՌ)։
«Կլինիկական պրակտիկայում վաղ գենետիկական թեստավորման ներդրումը թույլ կտա մեծ հավանականությամբ կանխատեսել միզաքարային հիվանդության նկատմամբ ժառանգական հակվածությունը։ Նման տվյալները կօգնեն պացիենտին ժամանակին փոխել սովորությունները և սննդակարգը՝ կանխելու հիվանդության զարգացումը, որն ուղեկցվում է սուր ցավերով և միզարձակման խնդիրներով»,- պարզաբանել է Սարատովի պետական բժշկական համալսարանի Հիմնարար և կլինիկական ուրոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Պոպկովը։
Պարզ ասած՝ մարդն իր ռիսկի մասին իմանում է դեռ մինչև առաջին ախտանիշների ի հայտ գալը։ Նա կարող է փոխել սննդակարգը, խմելու ռեժիմը և այլ սովորություններ, որպեսզի քարերն ուղղակի չձևավորվեն։
Վաղ փուլում հիվանդության հայտնաբերումը կարող է թեթևացնել հիվանդանոցների ու պոլիկլինիկաների ծանրաբեռնվածությունը, քանի որ բարդացած միզաքարային հիվանդության բուժման համար հաճախ պահանջվում է հոսպիտալացում, վիրահատական միջամտություն և տևական հետվիրահատական վերականգնում։