Շոգի և ցրտի ալիքները հիմնական սրտանոթային պատահարների թվի աճի պատճառ են դառնում, որոնք էլ ավելի են սրվում օդի աղտոտվածության հետևանքով: Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի աղտոտման՝ սրտանոթային վտանգի վրա ունեցած անբարենպաստ ազդեցությանը վերաբերող արդյունքները ներկայացվել են ESC Preventive Cardiology 2026-ում՝ Կանխարգելիչ սրտաբանության եվրոպական ասոցիացիայի (EAPC) ամենամյա կոնգրեսում:

«Այժմ Լեհաստանում, անոմալ ցրտերին զուգահեռ, անոմալ շոգի աննախադեպ ժամանակահատվածներ են դիտվում: Մենք գնահատել ենք առողջության վրա այդ ջերմաստիճանային ծայրահեղությունների սուր ազդեցությունը»,- պարզաբանում է Լեհաստանի Բելոստոկի բժշկական համալսարանի պրոֆեսոր Լուկաշ Կուզման:

Անցկացվել է Արևելյան Լեհաստանի ութ միլիոն բնակիչների տվյալների աշխարհատարածական վերլուծություն: 2011-2020 թվականների ընթացքում սուր հոսպիտալացումների և բոլոր պատճառներից մահացության վերաբերյալ տվյալները ստացվել են Առողջապահության ազգային հիմնադրամից: Առաջնային վերջնակետը՝ լուրջ անբարենպաստ սրտանոթային և ուղեղանոթային պատահարները (MACCE), ներառում էր սրտանոթային հիվանդություններից մահը, ST սեգմենտի բարձրացմամբ սրտամկանի ինֆարկտը և իշեմիկ ինսուլտը. գրում է «Научная Россия»-ն:

Այդ ժամանակահատվածում գրանցվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարման 573 հազար 538 դեպք, սրտանոթային հիվանդություններից մահվան 377 հազար 373 դեպք և բոլոր պատճառներից մահվան 831 հազար 246 դեպք: Թե՛ անոմալ շոգի, թե՛ անոմալ ցրտի շրջանները դժբախտ պատահարների թվի զգալի աճի պատճառ են դարձել, սակայն ժամանակային տարբեր օրինաչափություններով: Անոմալ շոգի շրջաններն ունեցել են անմիջական ազդեցություն. նման օրերին ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների թիվն աճել է 7,5%-ով, իսկ սրտանոթային հիվանդություններից մահացությունը՝ 9,5%-ով: Ցրտի ալիքներն հետաձգված և ավելի կայուն ազդեցություն են ունեցել. ընդ որում, MACCE-ի ռիսկը բարձրացել է 4,0%-ից մինչև 5,9%՝ ազդեցությունից հետո մի քանի օրվա ընթացքում, իսկ սրտանոթային մահվան ռիսկը՝ 4,7%-ից մինչև 6,9%:

Օդի աղտոտվածությունը խորացրել է ծայրահեղ ջերմաստիճանների ազդեցությունը. O3-ը և բենզ[ա]պիրենը ուժեղացրել են անոմալ շոգի հետևանքները, իսկ O3-ը, պինդ մասնիկները (PM2.5) և NO2-ը՝ անոմալ ցրտի հետևանքները: «Արդյունքները ցույց են տալիս զգալի համակցված վտանգը՝ ծայրահեղ ջերմաստիճանների և օդի աղտոտվածության առնչությամբ, ինչը հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների թվի աճին»,- ասում է պրոֆեսոր Կուզման:

Առանձին վերլուծությամբ գնահատվել է օդի աղտոտվածության կարճաժամկետ և երկարաժամկետ ազդեցությունը հիմնական սրտանոթային պատահարների վրա (MACE; սրտամկանի ինֆարկտ և սրտանոթային հիվանդություններից մահվան դեպքեր):

Ընդհանուր առմամբ գրանցվել է սրտանոթային հիվանդություններից մահվան 377 հազար 344 դեպք: Սրտանոթային մահերի մոտ 13%-ը կապված է եղել օդի աղտոտվածության հետ, ինչը համապատասխանում է տասնամյակի ընթացքում կորսված 71 հազար 440 կյանքի տարիներին: Պարզվել է, որ PM2.5-ը և բենզ[ա]պիրենը զգալի ներդրում ունեն սրտանոթային լուրջ անբարենպաստ պատահարների ռիսկի մեջ, ընդ որում ամենամեծ խոցելիությունը նկատվում է կանանց և երիտասարդների շրջանում: Օդի աղտոտվածության ազդեցության ամսական աճը կապված է եղել MACE-ի քանակի 10% աճի հետ, և այդ հետևանքները մոտ 5%-ով ավելի բարձր են եղել կանանց, քան տղամարդկանց շրջանում, և մոտ 9%-ով ավելի բարձր՝ մինչև 65 տարեկան անձանց շրջանում՝ 65-ից բարձր տարիքի անձանց համեմատ:

«Չնայած այն հանգամանքին, որ օդի աղտոտվածությունը ճանաչված է որպես սրտանոթային հիվանդությունների հիմնական ռիսկի գործոններից մեկը, դրա ազդեցությունը դեռևս թերագնահատվում է,- հայտարարել է դոկտոր Կուրասը:-Այս արդյունքները կասկածի տակ են դնում ռիսկի գործոնների ավանդական պարադիգմը, ըստ որի առավել խոցելի են բնակչության որոշակի խմբեր: Մեր եզրահանգումները միանշանակ մատնանշում են հանրային առողջապահության ոլորտում համակարգված քաղաքականության անհրաժեշտությունը»:

Պրոֆեսոր Կուզման ամփոփել է. «Մենք կշարունակենք ուսումնասիրել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոններն ավելի լայն իմաստով, ներառյալ լուսային և աղմկային աղտոտումը... Մենք միաժամանակ ձգտում ենք մշակել մեթոդ՝ սրտանոթային հիվանդությունների ռիսկի կանխատեսման ալգորիթմում շրջակա միջավայրի գործոնները հաշվի առնելու համար»: