Գիտնականները մոտեցել են նյարդաբանության ամենածանր հարցերից մեկի պատասխանին. ինչու է կաթվածից հետո ուղեղի վնասվածքը շարունակում տարածվել անգամ բուն հարվածից ժամեր և օրեր անց:
Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Cell Metabolism հանդեսում, ցույց է տվել, որ դրանում զգալի դեր է խաղում ոչ միայն թթվածնի սկզբնական պակասը, այլև հենց ուղեղի հետագա կործանարար արձագանքը:
Կաթվածի ժամանակ ուղեղի մի մասը զրկվում է արյան մատակարարումից, և նյարդային բջիջներն սկսում են արագ մահանալ։ Սակայն, ինչպես պարզաբանել են հետազոտողները, արյան հոսքի վերականգնումից հետո սկսվում է վնասվածքների երկրորդ ալիքը։ Ուղեղի իմունային համակարգի բջիջները՝ նախ և առաջ միկրոգլիան, անցնում են բորբոքային գրոհի վիճակի։ Դրանք արտազատում են մեծ քանակությամբ բորբոքային մոլեկուլներ, որոնք սկսում են վնասել կաթվածի օջախի շուրջ գտնվող դեռևս կենդանի հյուսվածքները։
Գիտնականներն այդ գործընթացը համեմատում են հրդեհի հետ, որը շարունակում է տարածվել անգամ գլխավոր պայթյունի ավարտից հետո: Օրգանիզմը փորձում է փրկել ուղեղը, սակայն նրա սեփական պաշտպանական համակարգը հաճախ դուրս է գալիս վերահսկողությունից: Հատկապես վտանգավոր է հեմատոէնցեֆալիկ պատնեշի՝ վնասակար նյութերից և արյան իմունային բջիջներից ուղեղի բնական պաշտպանության քայքայումը։ Երբ այդ պատնեշը վնասվում է, բորբոքումն սկսում է էլ ավելի ուժեղանալ։
Միաժամանակ, ուղեղը փորձում է փոխհատուցել կորուստները նեյրոպլաստիկության՝ նեյրոնների միջև կապերը վերակառուցելու ունակության հաշվին։ Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ ուղեղի չվնասված հատվածները կարող են բառացիորեն փոխել իրենց կառուցվածքը և իրենց վրա վերցնել մահացած գոտիների գործառույթների մի մասը։ Երբեմն այդ հատվածները կենսաբանական հատկանիշներով նույնիսկ ավելի «երիտասարդ» տեսք են ունենում, կարծես ուղեղը միացնում է վերականգնման արտակարգ ռեժիմ։
Սակայն նեյրոպլաստիկությունն նաև մութ կողմ ունի։ Որոշ փոխհատուցող փոփոխություններ անարդյունավետ կամ նույնիսկ վնասակար են լինում։
Գիտնականները դա ուղեղի «սխալ վերակառուցում» են անվանում. մարդը սկսում է օգտագործել շրջանցող ուղիներ, որոնք խանգարում են շարժումների, խոսքի կամ հիշողության լիարժեք վերականգնմանը։ Հենց այդ պատճառով է, որ բուժառուների մի մասը շարունակում է կորցնել գործառույթները նույնիսկ կաթվածից ամիսներ անց։
Ներկա փուլում առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում բորբոքմանը և ուղեղի վերականգնմանը կետային միջամտության գաղափարը։ Հետազոտողները թեստավորում են նանոնյութեր, բորբոքման վնասակար ազդանշաններն արգելափակող դեղամիջոցներ, ինչպես նաև ցողունային բջիջներով թերապիա։ Որոշ փորձարարական մեթոդներ արդեն կենդանիների մոտ ուղեղի երկրորդային վնասվածքը նվազեցնելու և նույնիսկ կորցրած գործառույթների մի մասը վերականգնելու ունակություն են ցույց տվել։
Գիտնականներն ընդգծում են. կաթվածը եզակի իրադարձություն չէ, այլ բարդ և տևական կենսաբանական գործընթաց։ Եվ որքան շատ են հետազոտողներն ուսումնասիրում ուղեղը կաթվածից հետո, այնքան ավելի պարզ է դառնում, որ նեյրոնների համար պայքարը դեռ երկար ժամանակ շարունակվում է, երբ բուժառուն լքում է վերակենդանացման բաժանմունքը:






