Գիտնականները մաշկի մեջ հայտնաբերել են իմունային հսկողության նախկինում անհայտ համակարգ՝ թաքնված անմիջապես մազի ֆոլիկուլների ներսում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Cell and Developmental Biology հանդեսում։

Ռիվերսայդի Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները հատուկ «պահապան» բջիջներ են գտել, որոնք օգնում են մաշկին հետևել մանրէների և դրսից եկող պոտենցիալ վտանգների ի հայտ գալուն։ Հայտնագործությունը կարող է լրջորեն փոխել մաշկի իմունային պաշտպանության աշխատանքի մասին պատկերացումները։

Նոր բջիջները նման են եղել այսպես կոչված M-բջիջներին՝ մասնագիտացված էպիթելային բջիջներին, որոնք հայտնի են նախ և առաջ աղիներում և շնչուղիներում։ Այնտեղ դրանք օգնում են իմունային համակարգին «սկանավորել» շրջակա միջավայրը և արագ արձագանքել վտանգավոր միկրոօրգանիզմներին։ Մինչ այժմ համարվում էր, որ մաշկն այլ կերպ է կառուցված, քանի որ դրա բազմաշերտ կառուցվածքը չափազանց հզոր ֆիզիկական խոչընդոտ է ստեղծում դիտարկման նման մեխանիզմի համար։

Սակայն հետազոտողները ենթադրել են, որ մազի ֆոլիկուլները կարող են որպես յուրօրինակ «դարպասներ» ծառայել իմունային համակարգի համար։ Հենց մաշկի այդ  փոսիկներում են կուտակվում շրջակա միջավայրի մասնիկները, մանրէները և իմունային ազդանշանները։ Նման գոտիների ներսում էլ գիտնականները հայտնաբերել են դիտորդ-բջիջներ, որոնք մասնակցում են տեղային իմունային պատասխանին, հատկապես այն գրամ-դրական մանրէների դեմ, որոնք ունակ են մաշկի և շնչուղիների վարակներ ու սննդային թունավորումներ առաջացնել։

Հետազոտության հեղինակները նշում են, որ մազի ֆոլիկուլները կարող են լինել ոչ պարզապես մազերի աճի կառույցներ, այլ իմունային վերահսկողության իսկական կենտրոններ։ Ավելին, նոր բջիջները գտնվում են նյարդային վերջավորությունների մոտ։ Դա ակնարկում է իմունային համակարգի և զգայական ընկալման միջև հնարավոր կապի մասին․ այսինքն՝ մաշկը, հավանաբար, ոչ միայն «զգում է» հպումները, այլև միաժամանակ գնահատում է պոտենցիալ կենսաբանական վտանգը։

Աշխատանքն առայժմ իրականացվել է միայն մկների վրա, և հետազոտողներն ընդգծում են, որ դեռ պետք է պարզել՝ արդյոք մարդու մոտ կա՞ն նմանատիպ կառուցվածքներ։

Հեռանկարում նման հետազոտությունները կարող են օգնել ավելի լավ հասկանալ մաշկային վարակները, բորբոքային հիվանդությունները և իմունիտետի մեխանիզմները։ Գիտնականները միաժամանակ հույս ունեն, որ նոր գիտելիքները հնարավորություն կտան ավելի ճշգրիտ արտաքին դեղամիջոցներ և իմունային թերապիաներ ստեղծել, որոնք կազդեն անմիջապես մաշկի պաշտպանության տեղային համակարգերի վրա։