Խրոնիկական ցավը կարող է ուժգնանալ ոչ միայն ֆիզիկական պատճառներով, այլև յուրահատուկ հոգեբանական վիճակից, որը հետազոտողներն անվանում են «մենթալ պարտություն»: Նման եզրակացության են եկել Մեծ Բրիտանիայի Ուորվիքի համալսարանի գիտնականները։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է Pain հանդեսում։
«Մենթալ պարտություն» ասելով հետազոտողները հասկանում են մի վիճակ, որի ժամանակ մարդը սկսում է ցավն ընկալել որպես մի ուժ, որն ամբողջությամբ հպատակեցրել է իր կյանքը։ Մարդիկ աստիճանաբար կորցնում են վերահսկողության զգացումը, նրանց սկսում է թվալ, թե հիվանդությունը քայքայում է իրենց անհատականությունը, հարաբերությունները և ապագան։ Ըստ աշխատության տվյալների՝ հենց այդ վիճակն էլ կարող է գործարկել յուրօրինակ «տառապանքի պարուրաձև աճը»։
Հետազոտությանը մասնակցել է տարբեր ծագման խրոնիկական ցավեր ունեցող 137 մարդ: Երկու առանձին երկշաբաթյա ժամանակահատվածների ընթացքում մասնակիցներն օրական երեք անգամ մանրամասն հարցաթերթեր են լրացրել՝ նկարագրելով իրենց ինքնազգացողությունը, մտքերը, տրամադրությունը և ակտիվության մակարդակը։ Գիտնականներն այդ մեթոդը համեմատում են «գիտական կադր առ կադր նկարահանման» հետ, որը հնարավորություն է տալիս տեսնել, թե ինչպես են փոխվում մարդու զգացողություններն օրվա ընթացքում։
Արդյունքները ցույց են տվել, որ անօգնականության և ներքին պարտության զգացման բռնկումները գրեթե միշտ ուղեկցվել են ցավի վրա ուժեղացված կենտրոնացմամբ։ Դրանից հետո մարդիկ ավելի հաճախ են սկսել խուսափել առօրյա գործունեությունից, փակվել են իրենց մեջ և սկսել են ավելի սուր զգալ, որ ցավը ոչնչացնում է իրենց սովորական կյանքը։ Հատկապես կարևոր է, որ այդ մեխանիզմն աշխատել է անկախ ցավի ինտենսիվությունից, սթրեսի մակարդակից կամ վատ տրամադրությունից։ Գիտնականները կարծում են, որ խոսքն առանձին հոգեբանական գործընթացի մասին է, որն ինքնին ի վիճակի է ուժգնացնել տառապանքը։
Հետազոտության հեղինակները հայտնաբերել են նաև վտանգավոր մի փակ շրջան. պարտության զգացումն ուժեղացրել է սեփական անձի նկատմամբ բացասական ընկալումը, ինչն իր հերթին էլ ավելի է մեծացրել անօգնականության զգացումը։ Հենց դա է պատճառը, որ որոշ բուժառուներ շարունակում են ուժեղ հուզական հյուծվածություն զգալ նույնիսկ այն դեպքում, երբ բուն ցավը մնում է մոտավորապես նույն մակարդակի վրա։
Հետազոտողները կարծում են, որ նոր տվյալները կարող են փոխել խրոնիկական ցավի բուժման մոտեցումը։ Բացառապես ֆիզիկական ախտանիշների վրա կենտրոնանալու փոխարեն բժիշկները կարող են սկսել ավելի ակտիվորեն աշխատել վերահսկողության կորստի զգացողության, ինքնագնահատականի և ապագայի ընկալման հետ։ Հեռանկարում գիտնականներն առաջարկում են օգտագործել թվային գործիքներ, օրինակ՝ բջջային հավելվածներ, որոնք կկարողանան հետևել հոգեբանական «անկման» պահերին և ժամանակին օգնել մարդուն դուրս գալ վտանգավոր հուզական վիճակից։






