Պեկինի համալսարանի հոգեկան առողջության ինստիտուտի և հարակից կլինիկայի գիտնականները հայտնաբերել են հարյուրավոր գեներ, որոնք կարող են մեծացնել հոգեկան և նյարդաբանական խանգարումների առաջացման վտանգը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Molecular Psychiatry ամսագրում։
Հեղինակների խոսքով՝ այս աշխատանքն օգնում է ավելի լավ հասկանալ այնպիսի հիվանդությունների բջջային մեխանիզմները, ինչպիսիք են շիզոֆրենիան, դեպրեսիան և աուտիզմը։
Հետազոտողները վերլուծել են վեց հիմնական նյարդահոգեբուժական խանգարումներ ունեցող պացիենտների գենետիկական հսկայական տվյալները։ Ուսումնասիրվել են շիզոֆրենիան, Պարկինսոնի հիվանդությունը, երկբևեռ խանգարումը, ծանր դեպրեսիան, Ադեեկատ (ուշադրության պակասի և հիպերակտիվության խանգարում) և աուտիստիկ սպեկտրի խանգարումները։
Ի տարբերություն նախորդ շատ ուսումնասիրությունների՝ գիտնականները փորձել են պարզել ոչ միայն այն, թե որ գեներն են կապված այդ հիվանդությունների հետ, այլև թե ուղեղի կամ իմունային համակարգի որ բջիջներում են դրանք ակտիվանում։ Դրա համար կիրառվել են առանձին բջիջների մակարդակով գենետիկ փոփոխությունների վերլուծության մեթոդներ և Մենդելյան ռանդոմիզացիայի տեխնոլոգիան։
Արդյունքում հետազոտողները հայտնաբերել են ռիսկի գործոն հանդիսացող 345 գեն, որոնք կապված են բջիջների տարբեր տիպերի հետ։ Դրանց մի մասը, օրինակ՝ MAPT-ն և FLOT1-ը, նախկինում արդեն կապվել էին հոգեկան խանգարումների հետ։ Սակայն գտնվել են նաև նոր, պոտենցիալ կարևոր կապեր, այդ թվում՝ APTX գենի ազդեցությունը միկրոգլիաներում (ուղեղի իմունային բջիջներում) շիզոֆրենիայի ժամանակ։
Հետազոտության առանցքային եզրակացություններից մեկն այն էր, որ շատ հոգեկան խանգարումներ ունեն ընդհանուր կենսաբանական մեխանիզմներ։ Ուսումնասիրությունը ցույց է տվել սինապսների (նեյրոնների միջև կապերի) և իմունային համակարգի աշխատանքի խաթարումների հատումներ։ Սա հաստատում է գիտության մեջ գնալով ավելի տարածվող այն վարկածը, որ բորբոքային գործընթացներն ու իմունային կարգավորման խանգարումները կարող են վճռորոշ դեր խաղալ հոգեկան հիվանդությունների զարգացման գործում։
Միևնույն ժամանակ, գիտնականները պարզել են, որ բուն ուղեղի հյուսվածքներում հայտնաբերված ռիսկի գեներն ունեն շատ ավելի ընդգծված «բջջային մասնագիտացում», քան արյան մեջ առկա նմանատիպ ազդանշանները։ Այլ կերպ ասած՝ կենտրոնական նյարդային համակարգի գենետիկական խանգարումները սերտորեն կապված են ուղեղի բջիջների կոնկրետ տիպերի հետ։
Հեղինակները շեշտում են, որ թեև այս աշխատանքը դեռևս չի առաջարկում բուժման ուղիղ մեթոդներ, այն ճանապարհ է հարթում դեպի ավելի թիրախային՝ «բջջային հոգեբուժություն»։ Ապագայում սա կարող է հանգեցնել այնպիսի դեղամիջոցների ստեղծմանը, որոնք կազդեն ոչ թե ընդհանուր ուղեղի, այլ հենց այն կոնկրետ բջիջների ու մեխանիզմների վրա, որոնք առանցքային դեր ունեն այս կամ այն խանգարման հարցում։






