Brain Health ամսագրի առաջին համարում հրապարակված նոր վերլուծական հետազոտությունը պնդում է, որ միկրոպլաստիկը դադարել է լինել սոսկ բնապահպանական խնդիր և վերածվել է ուղեղի առողջության համար լուրջ սպառնալիքի։ Genomic Press պարբերականի կողմից պատրաստված նյութը միավորում է գիտության մի քանի նախկինում տարանջատված բնագավառների տվյալները:

Մարդկային հյուսվածքների հետազոտությունները ցույց են տվել, որ միկրոպլաստիկը կուտակվում է ուղեղում շատ ավելի մեծ քանակությամբ, քան մյուս օրգաններում: Նյու Մեքսիկոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ դրա կոնցենտրացիան ուղեղում կարող է 7-ից 30 անգամ ավելի բարձր լինել, քան լյարդում կամ երիկամներում, ընդ որում՝ վերջին տարիներին այս ցուցանիշը զգալիորեն աճել է: Ամենաբարձր մակարդակները գրանցվել են դեմենցիա ունեցող մարդկանց մոտ:

Սրտաբանական տվյալներն էլ ավելի են ուժեղացնում տագնապը: Քնային զարկերակի վիրահատություն տարած պացիենտների մոտ միկրոպլաստիկ է հայտնաբերվել աթերոսկլերոտիկ վահանիկներում: Նման պացիենտների մոտ ինֆարկտի, ինսուլտի կամ մահվան հավանականությունը մոտ չորս անգամ ավելի բարձր է եղել: Քանի որ ինսուլտը ուղղակիորեն կապված է ուղեղի հետ, սա փոխկապակցում է սիրտ-անոթային և նյարդաբանական ռիսկերը:

Կենդանիների վրա կատարված փորձերը ցույց են տալիս, թե ինչպես են մասնիկները թափանցում ուղեղ. պլաստիկի նանոմասնիկները ընդունակ են հաղթահարել արյունաուղեղային պատնեշը ընդամենը մի քանի ժամում, մինչդեռ ավելի խոշոր մասնիկները չեն կարող դա անել:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ուլտրա-վերամշակված սննդամթերքին՝ որպես ազդեցության հիմնական աղբյուրի: Դրանք կարող են միկրոպլաստիկ պարունակել փաթեթավորումից, արդյունաբերական մշակման և պահպանման գործընթացներից: Դրանց մեծաքանակ սպառումն արդեն իսկ կապված է դեպրեսիայի, ճանաչողական խանգարումների, ինսուլտի և դեմենցիայի բարձր ռիսկերի հետ:

Որպես հնարավոր լուծում դիտարկվում է թերապևտիկ աֆերեզը՝ կլինիկաներում կիրառվող մի պրոցեդուրա, որը պոտենցիալ կերպով կարող է հեռացնել միկրոպլաստիկի մասնիկները արյան միջից: Սակայն գիտնականներն ընդգծում են, որ դեռևս չկան չափման ճշգրիտ մեթոդներ՝ նման մոտեցումների արդյունավետությունը հաստատելու համար:

Հեղինակները եզրակացնում են, որ տվյալ պահին ռիսկի նվազեցման ամենաիրատեսական միջոցը մնում է ազդեցության կրճատումը՝ նախևառաջ ուլտրա-վերամշակված մթերքների օգտագործման նվազեցման հաշվին: Միևնույն ժամանակ, այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսին է ARPA-H գործակալության STOMP ծրագիրը, ուղղված են հայտնաբերման մեթոդների մշակմանը, վնասի մեխանիզմների ուսումնասիրմանը և օրգանիզմից միկրոպլաստիկի հեռացման միջոցների ստեղծմանը: