Ամերիկայի Միացյալ Նահանգները գտնվում են կարմրուկի կայուն փոխանցումն ամբողջությամբ վերացրած երկրի կարգավիճակը կորցնելու եզրին։ Դա կապված է հիվանդացության դեպքերի կտրուկ աճի և երկրի տարբեր տարածաշրջաններում շարունակվող բռնկումների հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet ամսագրում:

ԱՄՆ-ն 2000 թվականից ունի «կարմրուկի էնդեմիկ փոխանցումից ազատ երկրի» պաշտոնական կարգավիճակ։ Այս կարգավիճակը նշանակում է ոչ թե բերովի դեպքերի բացակայություն, այլ այն, որ վիրուսը երկրի ներսում անընդմեջ չի տարածվում ավելի քան 12 ամիս։ Հենց այս պայմանն է այժմ հայտնվել վտանգի տակ։

Վերջին տարիների տվյալներով՝ երկրում նկատվում է հիվանդացության կայուն աճ։ Բռնկումներ են գրանցվում միանգամից մի քանի նահանգներում, որոնք հաճախ կապված են առանձին համայնքներում պատվաստումների անբավարար մակարդակի հետ։

Համաճարակաբանները նշում են, որ կարգավիճակը կորցնելու հիմնական ռիսկի գործոնը երկրի ներսում վիրուսի տևական փոխանցումն է, այլ ոչ թե եզակի բերովի դեպքերը։

Փորձագետներն ընդգծում են, որ ԱՄՆ-ում տիրող իրավիճակն արտացոլում է ավելի լայն միտում. որոշ տարածաշրջաններում պատվաստումների ընդգրկվածության նվազումը պայմաններ է ստեղծում բնակչության շրջանում վիրուսի վերահաստատման համար։ Ընդ որում, կարմրուկը մնում է ամենավարակիչ վիրուսներից մեկը, և կոլեկտիվ իմունիտետը պահպանելու համար անհրաժեշտ է պատվաստումների շատ բարձր մակարդակ։

Կարգավիճակի պահպանման կամ կորստի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվում է միջազգային կազմակերպությունների կողմից՝ հիմնվելով դիտարկման երկարատև ժամանակահատվածի համաճարակաբանական տվյալների վրա, ներառյալ վիրուսի փոխանցման շղթաների վերլուծությունը։