Քրոնիկ միգրենը վերահսկման տեսանկյունից ամենածանր վիճակներից մեկն է, սակայն նոր հետազոտություններն աստիճանաբար հստակեցնում են, թե բուժման որ մեթոդներն են լավագույնս գործում:
Annals of Internal Medicine ամսագրում հրապարակված ծավալուն ակնարկում գիտնականները վերլուծել են 43 կլինիկական հետազոտություն, որոնց մասնակցել են քրոնիկ միգրենով տառապող չափահաս պացիենտներ (սա այն վիճակն է, երբ գլխացավերը լինում են ամսական 15 և ավելի օր):
Ամենահամոզիչ տվյալները ցույց են տվել նոր դասի դեղամիջոցների՝ CGRP-թիրախային թերապիաների արդյունավետությունը: Դրանք ամսական մոտ երկու օրով կրճատում են միգրենի տևողության օրերի քանակը և, ընդհանուր առմամբ, լավ են ընդունվում պացիենտների կողմից:
CGRP-ն նյարդային համակարգի սպիտակուց է, որի մակարդակը միգրենի նոպայի ժամանակ կտրուկ բարձրանում է՝ հրահրելով ցավ և բորբոքում: Նոր դեղամիջոցներն աշխատում են հենց այդ գործընթացի արգելափակման հաշվին:
Այս դեղերը թողարկվում են տարբեր ձևերով՝ ներարկումներ, ինֆուզիաներ, հաբեր և նույնիսկ քթի սփրեյ: Միևնույն ժամանակ, հին միջոցների համեմատ, դրանք ունեն ավելի քիչ կողմնակի ազդեցություններ։
Համեմատության համար նշենք, որ բոտուլոտոքսինը (բոտոքս) նույնպես կարող է օգնել քրոնիկ միգրենի դեպքում, սակայն դրա արդյունավետության ապացույցներն ավելի քիչ են, իսկ կողմնակի ազդեցություններն ավելի հաճախ են հանդիպում, ինչի պատճառով պացիենտների մի մասը դադարեցնում է բուժումը:
Հին դեղամիջոցները, ինչպիսիք են տոպիրամատը, վալպրոատը և պրոպրանոլոլը, ցույց են տվել է՛լ ավելի թույլ և պակաս վստահելի ապացուցողական հիմք:
Հեղինակներն ընդգծում են, որ չնայած նոր CGRP-թերապիաների հեռանկարայնությանը, անհրաժեշտ են լրացուցիչ անկախ հետազոտություններ՝ հատկապես երկարաժամկետ անվտանգության և բուժման հասանելիության վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, գոյություն չունի ունիվերսալ լուծու։ Թերապիայի ընտրությունը կախված է կոնկրետ պացիենտից, նրա վիճակից, նախապատվություններից և դեղերի արժեքից:






