Գիտնականները հայտնաբերել են անսպասելի փաստ. ուղեղը կարող է շարունակել մշակել լեզուն անգամ այն ժամանակ, երբ մարդը գտնվում է ընդհանուր անզգայացման և լիովին անգիտակից վիճակում։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։
Նրանք ուսումնասիրել են 7 պացիենտի ուղեղի ակտիվությունը էպիլեպսիայի բուժման վիրահատությունների ժամանակ։ Դրա համար օգտագործվել են հատուկ սարքեր, որոնք արձանագրել են հիպոկամպից (ուղեղի հատված, որը կապված է հիշողության հետ) եկող ազդանշանները։
Սկզբում անզգայացման վիճակում գտնվող պացիենտներին տրվել են պարզ ձայներ։ Պարզվել է, որ նեյրոնները կարող են տարբերակել կրկնվող և անսովոր ազդանշանները։ Ավելին, ժամանակի ընթացքում դրանց «ճանաչողականությունը» դարձել է ավելի ճշգրիտ։
Այնուհետև փորձը բարդացրել են. պացիենտներին ներկայացրել են կարճ պատմություններ։ Եվ այստեղ տեղի է ունեցել ամենահետաքրքիրը. ուղեղը ոչ թե պարզապես արձագանքել է խոսքին, այլ տարբերակել է խոսքի մասերը՝ գոյականները, բայերը, ածականները։
Էլ ավելի հետաքրքիր է եղել այն, որ ուղեղի ակտիվությունը ցույց է տվել, որ այն կարող է «գուշակել» հաջորդ բառերը՝ դրանց հնչելուց առաջ։
Տեղեկատվության մշակման նման մակարդակը սովորաբար կապում են արթուն լինելու և ուշադրության հետ, ոչ թե խոր անզգայացման վիճակի։
Գիտնականներն ընդգծել են, որ սա առայժմ վերաբերում է անզգայացման միայն մեկ տեսակի և ուղեղի մեկ հատվածի, հետևաբար քնի կամ կոմայի մասին եզրահանգումներ անելը դեռ վաղ է։ Բայց փաստն ինքը վկայում է, որ ուղեղը կարող է մնալ շատ ավելի «միացված», քան կարծում էին մինչ այժմ։
Հետազոտողների կարծիքով՝ այս տվյալները կարող են օգնել ապագայում ավելի լավ հասկանալ ուղեղի վերականգնումը կաթվածից կամ այլ ախտահարումներից հետո։






