Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) գիտնականների նոր հետազոտության համաձայն՝ ստեղծագործական և մշակութային միջոցառումներին մասնակցությունը կարող է նպաստել կենսաբանական ծերացման դանդաղեցմանը: Innovation in Aging ամսագրում հրապարակված աշխատանքի արդյունքները ցույց են տալիս, որ ստեղծագործական ակտիվությունը կարող է նույնքան օգտակար լինել առողջ ծերացման համար, որքան ֆիզիկական վարժությունները:

Հետազոտության ընթացքում վերլուծվել են Մեծ Բրիտանիայի 3556 չափահաս բնակիչների տվյալները: ԴՆԹ-ի էպիգենետիկ փոփոխությունները գնահատելու համար գիտնականներն օգտագործել են արյան նմուշներ, որոնք կապված են ծերացման հետ, և համադրել են մասնակիցների կենսաբանական տարիքը նրանց մշակութային միջոցառումներին մասնակցելու հաճախականության հետ:

Նման զբաղմունքների թվում են եղել երգը, պարը, նկարչությունը, ձեռագործությունը, ընթերցանությունը, ինչպես նաև թանգարաններ, գրադարաններ, պատմական վայրեր, գեղարվեստական ցուցահանդեսներ և մշակութային միջոցառումներում այցելությունները:

Արդյունքները ցույց են տվել, որ ամսական առնվազն մեկ անգամ մշակութային գործունեությամբ զբաղվող մարդկանց կենսաբանական տարիքը մոտ 0,8 տարով ավելի փոքր է եղել նրանց համեմատ, ովքեր հազվադեպ են մասնակցել նման միջոցառումների։ Իսկ այն մասնակիցները, ովքեր շաբաթական կտրվածքով են ժամանակ հատկացրել ստեղծագործելուն, մոտ մեկ տարով ավելի երիտասարդ կենսաբանական տարիք են դրսևորել։

Հետազոտության ղեկավար, Լոնդոնի համալսարանական քոլեջի Social Biobehavioural Research Group-ի ղեկավար Դեյզի Ֆանկորտը նշել է, որ ամենամեծ օգուտը բերում է տարբերվող ստեղծագործական զբաղմունքների մեջ ներգրավվածությունը, այլ ոչ թե արվեստի միայն մեկ տեսակով սահմանափակվելը։

Հետազոտողների խոսքով՝ արվեստի տարբեր ձևերը յուրովի են ազդում մարդու հուզական վիճակի, ճանաչողական ֆունկցիաների և ֆիզիոլոգիական առողջության վրա։

Գիտնականները պարզել են նաև, որ ստեղծագործական ակտիվության և կենսաբանական ծերացման դանդաղեցման միջև կապը տարիքի հետ ավելի արտահայտված է դառնում:

Աշխատության հեղինակները կարծում են, որ ստեղծագործական զբաղմունքները պետք է դիտարկվեն որպես հանրային առողջապահության ռազմավարությունների մաս՝ ֆիզիկական ակտիվության և առողջ սննդակարգի վերաբերյալ հանձնարարականների հետ մեկտեղ: Նրանց համոզմամբ՝ մշակութային կյանքին կանոնավոր մասնակցությունը պետք է ընկալել ոչ թե որպես շռայլություն, այլ որպես առողջության ամրապնդմանը նպաստող կարևոր սովորություն:

Հետազոտությունն իրականացվել է Wellcome-ի կողմից ֆինանսավորվող յոթամյա ծրագրի շրջանակում, որը նվիրված է մարդու առողջության և ծերացման գործընթացների վրա արվեստի ունեցած ազդեցության ուսումնասիրմանը: