Ճապոնական Kissei Pharmaceutical դեղագործական ընկերությունը զգուշացրել է բժիշկներին չնշանակել Tavneos (հազվագյուտ աուտոիմուն հիվանդությունների բուժման համար օգտագործվող դեղամիջոց) նոր պացիենտներին՝ դեղամիջոցի ընդունման ընթացքում 20 մահվան դեպքի մասին հաղորդումներից հետո, տեղեկացրել է Medical Xpress-ը։

Ուրբաթ օրը Ճապոնիայում Tavneos-ը վաճառող ընկերությունը ծանուցում է ուղարկել առողջապահության մասնագետներին, որում նշվել է, որ 2022 թվականի հունիսին Ճապոնիայում դեղամիջոցի շուկա հանվելուց ի վեր գրանցվել է «մահվան 20 դեպք»։

Բժիշկներին նաև զգուշացվել է «լյարդի ծանր դիսֆունկցիայի ռիսկի» մասին և խորհուրդ է տրվել չնշանակել դեղամիջոցը նոր պացիենտներին և վերանայել այն արդեն ստացողների համար թերապիայի շարունակման նպատակահարմարությունը։

Ե՛վ Amgen-ը, որին պատկանում են դեղամիջոցի իրավունքները, և՛ Kissei Pharmaceutical-ը ընդգծել են, որ այդ դեպքերի շարքում կան այնպիսիները, որոնցում մահերի և դեղամիջոցի միջև պատճառահետևանքային կապը չի հաստատվել։

Kissei Pharmaceutical-ի տվյալներով՝ Ճապոնիայում թողարկումից ի վեր Tavneos-ը նշանակվել է մոտ 8 500 պացիենտի։

Tavneos-ը (միջազգային չպատենտավորված անվանումը՝ ավակոպան) օգտագործվում է արյան անոթների բորբոքում առաջացնող հազվագյուտ աուտոիմուն հիվանդությունների, մասնավորապես՝ վասկուլիտի բուժման համար։

Դեղամիջոցների եվրոպական գործակալության տվյալների համաձայն՝ դեղամիջոցը նպաստում է բորբոքման նվազեցմանը և երկարատև, բարձր դեղաչափերով կորտիկոստերոիդների անհրաժեշտության նվազեցմանը։

Նշվել է, որ Միացյալ Նահանգներում Tavneos ստացող ավելի քան 8 000 պացիենտների շրջանում լյարդի ծանր ախտահարման հետ կապված մահվան դեպքեր չեն գրանցվել։

Դեղամիջոցը հաստատվել է Միացյալ Նահանգներում 2021 թվականին, իսկ Եվրոպայում՝ 2022 թվականին։

Սակայն ապրիլին ԱՄՆ առողջապահական մարմիններն առաջարկել են չեղարկել դեղամիջոցի գրանցումը՝ կլինիկական փորձարկումներում տվյալների հնարավոր կեղծման և այլ խախտումների վերաբերյալ մտահոգությունների պատճառով։

Հունվարին Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը սկսել է իր սեփական ստուգումը՝ ներկայացված տվյալների հուսալիության վերաբերյալ հարցեր առաջանալուց հետո։