Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացնում է նիկոտինային փաթեթների կտրուկ տարածման մասին։ Խոսքը նիկոտին պարունակող փոքրիկ պարկիկների մասին է, որոնք դրվում են լնդի և շրթունքի արանքում․ ասվում է ԱՀԿ հայտարարության մեջ։
Կազմակերպության տվյալներով՝ այս արտադրանքն ակտիվորեն գովազդվում ու տարածվում է դեռահասների ու երիտասարդների շրջանում, մինչդեռ երկրների մեծ մասում դրանց շրջանառությունը գրեթե չի վերահսկվում։
Այս թեմայով ԱՀԿ առաջին գլոբալ զեկույցը ցույց է տալիս, որ 2024 թվականին նիկոտինային փաթեթների համաշխարհային վաճառքը գերազանցել է 23 միլիարդ միավորը՝ տարեկան կտրվածքով աճելով ավելի քան 50%-ով։ Իսկ 2025 թվականին այս արտադրանքի համաշխարհային շուկայի ծավալը գնահատվել է գրեթե 7 միլիարդ դոլար։
Նիկոտինային փաթեթները պարունակում են նիկոտին, բուրավետիչներ, քաղցրացուցիչներ և այլ հավելումներ։ Թեև դրանցում ծխախոտ չկա, ԱՀԿ-ն ընդգծում է, որ նիկոտինն ինքնին ուժեղ կախվածություն է առաջացնում և առանձնապես վտանգավոր է երեխաների, դեռահասների ու երիտասարդների համար, քանի որ նրանց ուղեղը դեռ զարգացման փուլում է։ Դեռահասության տարիքում նիկոտինի ազդեցությունը կարող է վատթարացնել ուշադրությունը, դժվարացնել սովորելու ունակությունը, մեծացնել սրտանոթային հիվանդությունների ռիսկը, ինչպես նաև հանգեցնել երկարատև կախվածության ու մեծացնել ապագայում ծխախոտային կամ այլ նիկոտինային արտադրանքների անցնելու հավանականությունը։
ԱՀԿ տվյալներով՝ աշխարհի շուրջ 160 երկիր դեռևս չունի նիկոտինային փաթեթների վաճառքը կարգավորող հատուկ կանոններ։ 16 երկրում դրանց վաճառքն ամբողջությամբ արգելված է, իսկ ևս 32-ում գործում են տարբեր սահմանափակումներ։ Այս երկրներից հինգը սահմանափակում են համային հավելումների կիրառումը, 26-ն արգելում են անչափահասներին վաճառքը, իսկ 21-ը արգելք է սահմանել գովազդի, տարածման և հովանավորչության վրա։
ԱՀԿ-ն նշում է, որ արտադրողները կիրառում են հատուկ երիտասարդների համար նախատեսված հնարքներ։ Դրանց թվում են՝ վառ համերը (օրինակ՝ մաստակի կամ մարմելադե կոնֆետների), ոճային ու աննկատ փաթեթավորումը, բլոգերների և սոցիալական ցանցերի միջոցով գովազդը, ինչպես նաև համերգների, փառատոնների ու սպորտային միջոցառումների (ներառյալ «Ֆորմուլա-1»-ի մրցարշավների) հովանավորությունը։ Որոշ փաթեթավորումներ նմանեցված են քաղցրավենիքի, ինչը մեծացնում է փոքր երեխաների կողմից դրանք պատահաբար կուլ տալու վտանգը։
Առանձնակի մտահոգության տեղիք է տալիս նիկոտինի բարձր խտությունը։ Որոշ ապրանքներ վաճառվում են «սկսնակների», «փորձառուների» և «փորձագետների» համար նախատեսված մակնշմամբ, իսկ առանձին պարկիկներում նիկոտինի պարունակությունը հասնում է մինչև 150 միլիգրամի։
ԱՀԿ-ն կառավարություններին կոչ է արել շտապ խիստ վերահսկողական միջոցներ ձեռնարկել։ Առաջարկվող քայլերի թվում են՝ համային հավելումների արգելումը կամ խիստ սահմանափակումը, գովազդի և տարածման լիակատար արգելքը, գնորդների տարիքի խիստ ստուգումը, առողջությանը հասցվող վնասի մասին նախազգուշացումների փակցնումը, նիկոտինի առավելագույն թույլատրելի չափաբաժնի սահմանափակումը, հարկերի բարձրացումն ու շուկայի մշտական դիտարկումը։
Կազմակերպությունն ընդգծում է, որ նիկոտինային փաթեթները չի կարելի անվտանգ այլընտրանք համարել, և նախազգուշացնում է, որ առանց ժամանակին արված կարգավորումների՝ աշխարհը կարող է բախվել երիտասարդների շրջանում նիկոտինային կախվածության նոր ալիքի հետ։






