Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ գիրությունն ազդում է ոչ միայն նյութափոխանակության և ճարպերի կուտակման վրա, այլև ամբողջ օրգանիզմում առաջացնում է մասշտաբային կառուցվածքային և իմունային փոփոխություններ, որոնք կարող են նպաստել դիաբետի, սիրտ-անոթային հիվանդությունների, քաղցկեղի և նյարդային համակարգի ախտահարման զարգացմանը։
Մյունխենի Հելմհոլցի կենտրոնի և Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիանի համալսարանի գիտնականները մշակել են MouseMapper անվանմամբ արհեստական բանականության հարթակ, որն ընդունակ է բջջային մակարդակում վերլուծել ամբողջ օրգանիզմը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature հանդեսում։
Նոր համակարգը համադրում է խոր ուսուցման ալգորիթմներն ու ամբողջ մարմնի վիզուալիզացման տեխնոլոգիաները՝ հնարավորություն տալով ավտոմատ կերպով ճանաչել և քարտեզագրել լաբորատոր մկների ամբողջ օրգանիզմի 31 օրգան և հյուսվածքի տեսակ, ինչպես նաև իմունային բջիջներ ու նյարդային կառուցվածքներ։
Նման քարտեզներ ստեղծելու համար հետազոտողները նյարդերն ու իմունային բջիջները նշագծելու նպատակով օգտագործել են ֆլուորեսցենտային մարքերներ, այնուհետև կիրառել են հյուսվածքների թափանցիկացման տեխնոլոգիա՝ մկներին դարձնելով թափանցիկ՝ միկրոսկոպիկ կառուցվածքների պահպանմամբ։ Լուսային թերթիկով միկրոսկոպիայի օգնությամբ միլիոնավոր բջջային մանրամասներ պարունակող եռաչափ պատկերներ են ստացվել։
Օգտագործելով այդ մոտեցումը՝ գիտնականները պարզել են, որ գիրությունն առաջացնում է իմունային ակտիվության և նյարդերի կառուցվածքի մասշտաբային փոփոխություններ տարբեր հյուսվածքներում, ներառյալ՝ ճարպային հյուսվածքը, մկանները, լյարդը և ծայրամասային նյարդերը։
Ամենաուշագրավ բացահայտումներից մեկը դարձան փոփոխությունները եռվորյակ նյարդում, որը պատասխանատու է դեմքի զգայունության և որոշակի շարժողական ֆունկցիաների համար։ Գիրություն ունեցող մկների մոտ հետազոտողներն արձանագրել են նյարդային վերջույթների և ճյուղավորումների քանակի զգալի նվազում, ինչը վկայում է նյարդային համակարգի աշխատանքի վատթարացման մասին։ Վարքագծային թեստերը նույնպես ցույց են տվել արտաքին գրգռիչների նկատմամբ զգայունության անկում՝ սլացիկ մկների համեմատությամբ։
Լրացուցիչ մոլեկուլային վերլուծությունը բացահայտել է բորբոքային և կառուցվածքային փոփոխություններ եռվորյակ գանգլիոնում (նյարդահանգույցում)՝ նյարդային բջիջների այն կուտակման մեջ, որը կապված է եռվորյակ նյարդի հետ։ Կարևոր է, որ այդ մոլեկուլային նշաններից շատերը հայտնաբերվել են նաև գիրություն ունեցող մարդկանց հյուսվածքներում, ինչը մատնանշում է մարդու մոտ նույնանման նյարդային փոփոխությունների հնարավոր գոյությունը։
Հետազոտողները կարծում են, որ «MouseMapper» հարթակը կօգնի ավելի լավ ուսումնասիրել այն բարդ հիվանդությունները, որոնք միաժամանակ ախտահարում են օրգանիզմի մի քանի համակարգեր, ներառյալ՝ գիրությունը, դիաբետը, նեյրոդեգեներատիվ ու աուտոիմունային հիվանդությունները, ինչպես նաև քաղցկեղը։
Ըստ հեղինակների՝ նախագծի երկարաժամկետ նպատակն օրգանիզմի բարձր ճշգրտության թվային մոդելների ստեղծումն է, որոնք կօգնեն հայտնաբերել հիվանդությունների ամենավաղ փուլերը և կարագացնեն բուժման նոր մեթոդների մշակումը՝ միաժամանակ կրճատելով կենդանիների վրա կատարվող փորձարկումների քանակը։






